Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

04 փետ 2022 13:32

Պետք է զգույշ լինել՝ Ստամբուլ – Երևան չվերթները չօգտագործվեն Հայաստանը թուրքական լրտեսներով ողողելու համար, թիրախում կարող են հայտնվել զինվորական հաստատությունները

«Մեր պետությունը, որի  ղեկավարության հետ, անշուշտ, մեծ հույսեր չեմ կապում, պետք է զգույշ լինի, որպեսզի Ստամբուլ–Երևան չվերթները չօգտագործվեն Հայաստանը լրտեսելու նպատակով։ Մասնավորապես, թուրքական լրտեսական  թիրախում կարող են հայտնվել ՀՀ-ում զինվորական հաստատությունները,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ Հարութ Սասունյանը,-անշուշտ, այդ լրտեսները կան և միշտ էլ եղել են, բայց ,եթե այս նորաստեղծ չվերթի գործունեությունը պատշաճ կերպով չվերահսկվի, ապա շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը կարող է ողողվել թուրքական լրտեսական ցանցով։ Ակնհայտ է, որ Ստամբուլ – Երևան ավիաչվերթը  շատ հարմար  ճանապարհ է այս նպատակի համար»։  

Անդրադառնալով  ՀՀ վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հնչած խնդրահարույց հայտարարություններին՝  Հարութ Սասունյանն առանձնացնում է «Հայ Դատ»-ի առնչությամբ վերջինիս արտահայտած  վիճարկելի տեսակետները։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին առցանց հարց ու պատասխանի ընթացքում բառացիորեն ասել էր հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։  

Ի հակադրություն վարչապետի հայտարարությանը, Հարութ Սասունյանը տարակուսանք է հայտնում.  «Գրեթե վստահ եմ, նա չգիտի, գաղափար անգամ չունի, թե ինչ բան է «Հայ դատ»-ը, ավելին՝ վերջինիս  մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր այս թեմայով  որևէ թուրք պաշտոնյա։ Մյուս կողմից, զարմանալի չէ նման դատողություններ լսել մի մարդուց, ով վերջին երկու, երեք տարիների ընթացքում այնպիսի արտառոց հայտարարություններով է հանդես եկել, որոնք արդեն դադարել են զարմացնել ինձ և իմ նման շատերին։ Օրինակ նա գնաց Արցախ և հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որից հետո բանակցային սեղանի շուրջ ասաց, թե չի կարող ներկայացնել Արցախի շահը, որովհետև Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել։ Չմոռանանք, որ իր վարչապետության առաջին ամիսներին էլ համառորեն հայտարարում էր, թե Արցախն այնպայման պետք է ներկա գտնվի բանակցային սեղանի շուրջ, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, նա հաջողությամբ հրաժարվեց նաև իր այդ համոզմունքից։ Այնպես որ՝ քննարկել՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս կամ այն իրար հակասող հայտարարություններով հանդես գալի, մեղմ ասած անլուրջ գործ է, ժամանակի զուր կորուստ։

Սասունյանը նկատում է՝ ինչ վերաբերում է «Հայ դատ»-ի առնչությամբ վարչապետի  վերջին հայտարարությանը, ապա պետք է փաստել հետևյալը. «Այս վարչապետն իր պաշտոնավարումից ի վեր երբեք՝ որևէ ժամ անգամ  չի զբաղվել  «Հայ դատ»-ով, փոխարենը՝ փութաջանորեն զբաղվել է բացառապես սեփական անձնական շահերը սպասարկելով, որի արդյունքում մենք, մեծ իմաստով, ունենք այն, ինչ ունենք և  ոչ միայն «Հայ դատ»-ի առնչությամբ։ Նայեք Արցախին, նայեք Սյունիքին և, առհասարակ, Հայաստանի ընդհանուր վիճակին։ Ցավալին այն է, որ նույնիսկ այսքանից հետո նա շարունակում է զբաղվել բացառապես միայն  անձնական շահերով, ամեն գնով փորձելով պահել իր աթոռը»։

«Փաստինֆո»-ի նկատառմանն ի պատասխան, թե վարչապետը նույն ասուլիսի ընթացքում ասել էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, իբր Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի, Հարութ Սասունյանը պատասխանում է՝ աշխատանքի և կարգավիճակի բերումով մշտապես սեփական ուշադրության կենտրոնում է պահել «Հայ Դատ»-ի, ինչպես նաև Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ղեկավարների հրապարակային ելույթներն ու մոտեցումները և, պարզապես, չի հիշում, թե որևէ անգամ ՀՀ որևէ ղեկավար վերոհիշյալ հարցերի վերաբերյալ  նման դիրքորոշում հայտնած լինի.  «2005 թվականի ապրիլին ես  հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի Պետական Համալսարանի մի ուսանող  նրան հարցրեց Թուրքիայից Հայաստանի հողային  պահանջների մասին։ Նախագահ Քոչարյանի պատասխանը դիվանագիտական նուրբ երանգներ էր պարունակում, միաժամանակ, խիստ զգուշավոր մոտեցում՝ հարցի վերաբերյալ։  Նա ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը, և ես լիովին հասկանում և ընդունում եմ նրա պատասխանի մեջ առկա զգուշավորության բոլոր պատճառները։ Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, մյուս կողմից՝  քայքայված տնտեսության վերականգնմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։  Նախագահ Քոչարյանը չի ասել, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Պարզապես ամոթ է, որ վարչապետ Փաշինյանը  շարունակում է համառորեն կրկնել այն, ինչ տարիներ շարունակ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։ Այլ  կերպ ասած՝ լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարը, նա համառորեն առաջ է տանում թուրքական շահը։ Սա, մեղմ ասած, տարակուսելի է, եթե չասենք խիստ վտանգավոր։

Շարունակելով թեման, Հարութ Սասունյանը հավելում է՝ մի խեղաթյուրումից անցնելով մյուսին, նույն հարց ու պատասխանի ընթացքում  Փաշինյանը հավելում է, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը. «Հենց այս առիթով ես քրքրեցի հնարավոր և անհնար բոլոր արխիվները՝ գտնելու, թե այդ ե՞րբ և որտե՞ղ է նախագահ Սարգսյանը նման հայտարարություն արել, բայց ոչինչ չգտա։  Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Իրականությունն այն է, որ մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, թե  Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Սա պարզապես մեծ ամոթ է»։

Անդրադառնալով նույն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանությանն առնչվող վիճարկելի ելույթին, որով վերջինս հայտնում է, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ  եղել և մնում է Սփյուռքն ու  Սփյուռքի կազմակերպությունները, Հարութ Սասունյանը նկատում է՝ սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար լսել  Հայաստանի ղեկավարի շուրթերից. «Ցեղասպանության խնդիրը տասնամյակներ շարունակ  համահայկական հարց է եղել։ Հետևաբար, սրանով Նիկոլ  Փաշինյանը մեկ անգամ ևս բաժանում է կատարում՝ սևերի ու սպիտակների, հայաստանցիների, արցախցիների  ու Սփյուռքի միջև։ Գաղտնիք չէ, մենք գիտենք, որ սա նրա մոտ լավ է ստացվում։  Մենք գիտենք նաև, որ Սփյուռքը Հայաստանից բաժանելու ծրագիրը ևս թուրքերի դարավոր երազանքն է։ Ինչ վերաբերում է Ցեղասպանության առնչությամբ իր կողմից արված հայտարարությանը, ապա ստացվում է, թե 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի Ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ մարդիկ՝  կանայք ու երեխաներ, ծերունիներ ու տղամարդիկ,  յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, գույքն ու ունեցվածքը, հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետն այսպես հեշտորեն  մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի՞ եղել։ Նորից եմ կրկնում՝ սա  հենց այն է, ինչ ավելի քան մեկ հարյուրամյակ երազել են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից»։

«Փաստինֆո»-ի  ճշտող հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ղեկավարը նմանօրինակ կասկածելի վարք ցուցաբերում, Հարութ Սասունյանը պատասխանում է՝  առնվազն տարակուսելի է. «Չունեմ փաստեր, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը թուրքական ազդեցության գործակալ է, այդ պատճառով չեմ կարող նման հայտարարություն անել, բայց այլ պատասխան ևս չեմ կարողանում գտնել։

Փաշինյանն անթաքույց կերպով անամոթաբար և համառորեն կրկնում է հակահայ  թեզեր, այնպիսիք, որոնք տարիներ շարունակ դաշտ են նետել մեզ ցեղասպանած թուրքերը, - Սասունյանը նկատում  է,- այս մարդը դասեր չի քաղում իր սխալներից, նա չի գիտակցում և չի ընդունում իր սխալները։ Արցախի հանձնումից ի վեր, նա որևէ անգամ չի այցելել այնտեղ, պատերազմից հետո նա Եռաբլուր է գնում վաղ առավոտյան, թաքուն, գողեգող, պատշաճ կերպով չի  անդրադառնում Հայկական Բանակի կազմավորման տարեդարձին, իսկ այս տարի ամանորի գիշերը նույնիսկ չի հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Արդյոք ինչի՞ մասին են աղաղակում այս փաստերը։ Փոխարենն, այս մարդը փութաջանորեն սպասարկում է թշնամի երկու երկրների շահերը, ավելին՝ որևէ կերպ չի հակադարձվում իր հասցեին թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած նվաստացուցիչ ծաղրանքներին։  Ես իմ հոդվածներից մեկում գրել եմ՝ նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված, այլ մի ամբողջ գիրք կարելի է գրել և սա ցավալի է…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր