Բաքվի վրա ճնշում գործադրելու Թուրքիայի փորձերը լավ բան չեն խոստանում Ռուսաստանին

Դժվար թե Իլհամ Ալիևը, որը ժամանակ է ունեցել զգալու իշխանության քաղցրությունը, ցանկանա հրաժարվել իր ազդեցությունից։ Համապատասխան դասավորվածությունը նմանապես անբարենպաստ է Իրանի համար։ Հիմա Բաքվին «կլանումից» փրկող սակավաթիվ բաներից մեկը Հայաստանի կողմից վերահսկվող Սյունիքի մարզն է։ Այն շարունակում է մնալ Էրդողանի նեոօսմանական նկրտումների արգելք: Սիտնիկովը նշել է, որ չնայած բարեկամության բոլոր հայտարարություններին՝ Թուրքիան փորձում է Ադրբեջանին զրկել ջրային ռեսուրսներից։ Էրդողանը վճռական է տրամադրված Քուռի նախագիծն իրականացնելու հարցում, որը ենթադրում է հինգ մեծ ամբարտակների կառուցում համանուն գետի վերին հոսանքում։
Դրանցից մեկը՝ «Բեշիքկայան», մեծ քանակությամբ ջուր կամբարի, և արդյունքում համապատասխան ռեսուրսը պարզապես չի կարողանա հասնել ադրբեջանական տարածքներ։ Նման նախաձեռնությանը դեմ են արտահայտվել մի շարք փորձագետներ՝ համարելով, որ այն սպառնում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին։ Հոդվածի հեղինակը նաև պնդում է, որ Բաքվի վրա ճնշում գործադրելու Թուրքիայի փորձերը լավ բան չեն խոստանում Ռուսաստանին։ Մոսկվային ձեռնտու է, որ Ադրբեջանը մնա անկախ, սակայն Անկարան այդ առումով այլ ծրագրեր ունի, և Իլհամ Ալիևը չի կարող Էրդողանին բավարար հակահարված տալ: