Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 փետ 2022 16:01

Խրամորթում բարձր հայկական երաժշտությունով լռեցրել են ադրբեջանական մուղամները

«Հրապարակը» գրում է.
Փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը բարձրախոսներով գյուղացիներին սկսել են կոչ անել, որ լքեն գյուղը: Պարբերաբար արձակվող այդ կոչերը հայտնվեցին համացանցում եւ անհանգստություն ու վրդովմունք առաջացրեցին նաեւ Հայաստանում։ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերը վստահեցրին, որ 1-2 օրվա ընթացքում կլուծեն այդ հարցը։ Փետրվարի 27-ին ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն են ունեցել, այս մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:   

«Ադրբեջանական կողմը Խրամորթում փետրվարի 24-ից մինչև փետրվարի 26-ը ընկած ժամանակահատվածում «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամներ է «հրամցրել։ Սակայն, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցությունները կարծես թե  դրական արդյունք ենք տվել»,- մեզ հետ զրույցում ասաց, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը: Վերջինիս խոսքով՝ ադրբեջանցիներն ամեն ինչ կապում են Խոջալուի դեպքերի հետ և մուղամները նվիրել էին հենց այդ դեպքերին՝ փորձելով գնալ սադրանքների։

«Երեկ՝ կիրակի օրվանից մինչ այս պահը, կարծեք՝ այդ բանակցություններում դրական  տեղաշարժ կա։ Ադրբեջանական կողմը բարձրախոսներով կոչեր չի անում, որպեսզի գյուղացիները դուրս գան, և ոչ էլ մուղամներ է միացնում։ Այս պահի դրությամբ այնտեղ ոստիկանական ծառայողները ուժեղացված ռեժիմով են աշխատում և բնակչության կողքին են։ Եթե կրկին լինեն սադրանքներ, անմիջապես ոստիկանությունը կտեղեկացնի ռուս խաղաղապահներին, որոնք նորից կգնան բանակցությունների», -ասաց զրուցակիցս։ Մեր այն հարցին, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախի մյուս գյուղերում, Թադևոսյանն ասաց, որ ոչ մի արտառոց բան չկա։ 

«Այսինքն, Խրամորթում եղել է նախադեպ, որ այդ տարբերակով դիմեն սադրանքների։ Մյուս գյուղերում, օրինակ, հրադադարի ռեժիմն է խախտվում հաճախակի։ Կարմիր շուկայում և Թաղավարդի բնակելի հատվածների ուղղությամբ անընդհատ կրակում են։ Սակայն այնտեղից էլ արտագաղթ չկա։ Բոլորն իրենց տեղերում են։ Գյուղացիները սկզբում անհանգստանում էին, հետո սկսեցին հեգնանքով մոտենալ այդ ամենին։ Իմիջիայլոց, երեկ Արցախի Դաշնակցության երիտասարդ թևը ազգային պարերի այսպես փոքր փառատոն էր կազմակերպել Խրամորթում։ Այնքան բարձր էին արել երաժշտությունը, որ լսելի լինի նաև ադրբեջանական կողմում, և իրենք էլ լսել են»,-ասաց Հունան Թադևոսյանը։

Խոսնակի խոսքով, ադրբեջանական կողմն այս կերպ փորձում է Խրամորթում թուլացնել իրավիճակը։ Եվ եթե մի քանի բնակիչ դուրս գա, մեկը մյուսին հետևելով գյուղը կլքվի, և փորձը կշարունակեն կիրառել նաև մյուս սահմանամերձ բնակավայրերում։ Սակայն, ըստ Թադևոսյանի, խրամորթցիներից և ոչ ոք դուրս չի եկել՝ ամենքն իր գործին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր