Տեսանյութ.Մասնագետներն անհանգստացած են` Հայաստանի բնակչության կեսը կարող է հայտնվել սովի եզրին
Երեկ առավոտվանից Երևանի խանութներում հերթեր էին: Մարդիկ մեծ քանակությամբ ալյուր, ձեթ, շաքարավազ, հաց, մակարոն էին գնում: Պատճառը Ռուսաստանի Դաշնության գյուղնախարարության` մինչև աշուն հացահատիկի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունն է:
Պարենային անվտանգության մասնագետ Դավիթ Պիպոյանն ասում է. «Հայաստանում օրական մեկ մարդը շուրջ 200 գրամ հաց է սպառում, տարեկան կտրվածքով՝ միջինը շուրջ 72 կգ»։ Նա իրենց հետազոտությունն է ներկայացնում և փաստում` Հայաստանում, հատկապես մարզերում մարդիկ իրենց օրվա հիմնական կալորիաների 50 տոկոսը ստանում են հացամթերքի միջոցով, քանի որ դա ամենաէժան մթերքն է: Կան մարզեր, որտեղ անգամ 50 տոկոսն է գերազանցում: Եթե հացահատիկի դեֆիցիտ առաջանա, ալյուրը և դրանով պատրաստվող մթերքները կթանկանան: Պիպոյանի համոզմամբ` եթե որեւէ բան այս իրավիճակում չփոխվի, Հայաստանի բնակչության կեսը կարող է հայտնվել սովի եզրին: Նա նաև ընդգծում է` Հայաստանում հացահատիկի խնդիրն ավելի վաղ է առաջացել` կորոնավիրուսի սահմանափակումների շրջանում, որը խորացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախում հացահատիկի դաշտերն անցան Ադրբեջանի հսկողության տակ, հիմա էլ ռուս-ուկրաինական ռազմական գործողության հետևանքով ենք կանգնել փաստի առաջ: Մասնագետը Հայաստանի պարենային պաշարների չափի մասին տեղեկություն չի նշում, բայց նկատում է` մեր վիճակը մտահոգիչ է, կարող ենք բախվել լրջագույն խնդրի առաջ: