Զոհվելուց մեկ օր առաջ իմ որդին զանգեց և ասաց՝ տոտալ դավաճանություն է տեղի ունենում․ դատախազությունը Նիկոլին պետք է ճանաչի պետական դավաճան
«Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց՝ տոտալ դավաճանություն է տեղի ունենում։ Մեզ գալիս համոզում են, որ՝ մի՛ կռվեք, հողերը հանձնված են․․․»,- այսօր՝ Ազնավուրի հրապարակում հայտարարեց «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանի մայր, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն, և մենք կհասկանանք։ Մենք գիտենք միայն մի բան՝ տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ավելի շատ կասեմ՝ ինքնավադաճանություն, որի արդյունքում տուժել ենք մենք, բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ հայտարարված չի»,- նկատեց նա։
«Իմ ձեռքին միջնորդություն է, ես դրա համար եմ գալիս դատախազություն՝ պահանջելով, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան»,- հայտարարեց Կարին Տոնոյանը։
«Բոլոր տվյալներով և այնքան ակնհայտ, որ անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի և նա պետք է ճանաչվի մեղավոր»,- ընդգծեց նա։