Աշխարհում առաջինը խոզի սրտի փոխպատվաստման ենթարկված նախկին բանտարկյալը կարող էր մահանալ օրգանների վարակի պատճառով
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից նախկին 57-ամյա բանտարկյալ Դեյվիդ Բենեթը, ով աշխարհում առաջին անգամ ենթարկվել էր խոզի սրտի փոխպատվաստմանը, կարող էր մահանալ օրգանի՝ վիրուսով վարակման պատճառով, կարծում են մասնագետները։
Բենեթը մահացել էր մարտի 8-ին՝ գենետիկորեն մոդիֆիկացված կենդանու սրտի փոխպատվաստումից երկու ամիս անց:
Մերիլենդի բժշկական կենտրոնի բժիշկները, որտեղ կատարվել էր վիրահատությունը, ասել են, որ «մահվան պահին որեւէ ակնհայտ պատճառ չի հայտնաբերվել», գրում է Daily Mail-ը։
Վիրահատությունն իրականացրած գլխավոր վիրաբույժ բժիշկ Բարթլի Գրիֆիթն ակնարկել է, որ սիրտը կարող է վարակվել խոզի ցիտոմեգալովիրուսով։
Դոկտոր Գրիֆիթն ապրիլի 20-ին կայացած վեբինարին ասել է, որ իր թիմը «սկսում է պարզել, թե ինչու է նա մահացել», նշում է MIT Technology Review-ն:
Համապատասխան հարցերն ուղարկվել են բիոտեխնոլոգիական Revivicor ընկերությանը, որն էլ բուծում է այդ խոզերին: Սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից MIT Technology Review-ի համար եւ հրապարակային հայտարարություն չի արել այդ պնդումների վերաբերյալ:
Ենթադրվում է, որ մարդկանց փոխպատվաստման համար բուծված հատուկ խոզերը զերծ են վիրուսներից, եւ մինչ օրգանի օգտագործման հաստատումը, այն մի շարք մոդիֆիկացիաների է ենթարկվում: