Արցախն այլևս նշաձողեր չունի իջեցնելու, ունենք կարմիր գիծ, որով պիտի առաջնորդվենք, հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել Արցախի հաշվին

«Ադրբեջանն ուզում է մեկը մյուսի հետ այնպես կապել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով՝ հասնի նրան, որ Հայաստանը Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Ես չեմ կարծում, որ սա հնարավոր է, որովհետև սա բերելու է Արցախի կործանմանը, չկա Արցախ, չկա Հայաստան: Ադրբեջանը Արցախին ծանր վիրավորում է հասցրել, մենք տարածքներ ենք կորցրել, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենք, բայց Արցախը կա, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ Արցախը միշտ մնա, իսկ Արցախը մի դեպքում կմնա, երբ չլինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը: Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնել, հայտարարեց. «Արցախը այլևս նշաձողեր չունի իջեցնելու, ունենք կարմիր գիծ, որով պիտի առաջնորդվենք:
Միջազգային հանրություն խայտաբղետ հասկացություն է. իհարկե միջազգային հանրության մի մասը ուզում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում և կործանվի: Բայց կան նաև երկրներ, ովքեր չեն ուզում Արցախի կործանումը: Մենք պետք է փրկենք մեր երկիրը, այլ ոչ թե մտածենք աշխարհաքաղաքական դիվիդենտ շահելու, այս կամ այն երկրի դեմ պայքար իրականացնելու մասին, դրա համար ունենք բոլոր հիմքերը՝ պաշտպանենք այն, ինչ ունենք։ Ցանկացած գործընթաց պարունակում է և վտանգ, և հնարավորություն. հիմա մենք ինչպես ենք այդ վտանգները մինիմումի հասցնում և հնարավորությունները մաքսիմումի՝ կախված է մեր հայրենասիրությունից և մեր արհեստավարժությունից: Ամեն ինչ բացառապես մեզնից է կախված»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
ԳԱԼԱ-ի