Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

21 մայիս 2022 12:34

Այս ցույցերով իշխանափոխություն չի լինի. ընդդիմադիրները պետք է գիտակցեն իրականությունը, ոչ թե ապրեն պատրանքներով .Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Թող ինձնից չնեղանան հարգարժան ընդդիմադիրները, բայց մարդիկ, որոնց ես հանդիպում եմ փողոցում, հիմնականում բողոքում են ցուցարարներից, իսկ ոմանք նրանց անվանում են «քոչարյանականներ»: Այսօր մի կին, նույն դժգոհությունները կրկնելով, ինձ ասաց, որ ամեն օր աղոթում է Փաշինյանի համար, որ Աստված նրան իմաստություն տա, եւ նա կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել:
Ենթադրում եմ, որ նա նախկինում էլ է նման աղոթքներ արել, բայց դրանք ակնհայտորեն տեղ չեն հասել, որովհետեւ ներկայիս վարչապետն արդեն իսկ հասցրել է երկիրն այս վիճակին:
Ընդհանուր առմամբ՝ կարող եմ արձանագրել, որ մինչեւ 2018 թվականը փողոցում ինձ հանդիպած քաղաքացիներն անիծում էին Հայաստանի ղեկավարներին՝ հիշում եմ, տաքսիստներից մեկը նույնիսկ հրաժարվեց ինձ տանել Հյուսիսային պողոտա, ասելով՝ «քեզ շատ եմ հարգում, բայց էդ ղարաբաղցիների որջը ես չեմ քշելու»: Իսկ հիմա վերաբերմունքն առաջին դեմքի հանդեպ, գոնե իմ փորձից ելնելով, դրական է, եւ ամենադառը բանը, որը ես լսել եմ «բա ինչ աներ էդ խեղճ տղան (կամ մի քիչ ավելի կոպիտ բառեր)» արտահայտությունն է»:
 
Իհարկե, սա սոցիոլոգիական հարցում չէ, բայց, մյուս կողմից, չի կարող պատահել, որ 30 տարվա ընթացքում ինձ հանդիպեին հատուկ ընտրված մարդիկ, որոնք ինչ-որ ուղղորդված տեսակետ են ներկայացնում: Դուք գուցե կասեք, որ մարդիկ գտնվում են «Հ1»-ի քարոզչական ազդեցության տակ: Բայց ես դրան կարող եմ պատասխանել, որ «Հ1»-ը ճիշտ նույն ձեւով խիստ դրական լույսի տակ ներկայացնում էր նաեւ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի գործունեությունը, եւ դրան ոչ ոք չէր հավատում: Ավելին՝ նախորդ ղեկավարի ժամանակ ընդդիմադիր հեռուստաալիքներ չկային, իսկ հիմա կան: Այնպես որ՝ քարոզչությունն այստեղ կապ չունի: Թե ինչու է հայաստանցիների զգալի մասը սիրում ձախողված, պատերազմում պարտված ղեկավարին՝ դա դեռ երկար ենք վերլուծելու: Բայց փողոցային բողոքներ կազմակերպող ընդդիմադիրները պետք է գիտակցեն իրականությունը, ոչ թե ապրեն պատրանքներով, թե իբր «ժողովուրդը ոտքի է կանգնել»:
Քաղաքացիները նաեւ հարցնում են ինձ՝ «Նիկոլը չի թողի, չէ՞, որ սրանք գան»: Ճիշտն ասած՝ որեւէ մեկին հուսադրելու կամ, հակառակը, հիասթափեցնելու գործառույթներ ես իմ վրա չեմ վերցնում: Բայց ես իսկապես կարծում եմ, որ  ա’յս  ցույցերով իշխանափոխություն չի իրականացվի: Դա չի նշանակում, որ Փաշինյանի իշխանությունը հավերժ է: Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ներկայիս վարչապետն այլեւս ոչ մեկին՝ ոչ Արեւմուտքին, ոչ Ռուսաստանին պետք չլինի (ակնհայտ է, որ հիմա երկուսին էլ պետք է՝ դրա համար էլ նրան բոլոր կողմերից աջակցում են): Փաշինյանը պետք չի գալու այն ժամանակ, երբ անի իրենից սպասվող քայլերը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում: Իսկ դա, վախենամ, Հայաստանը կդնի ավելի ծանր վիճակի մեջ, քան այսօր է: Եվ այդ դեպքում մոլորված մարդիկ գուցե հասկանան, որ սխալվել են:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր