Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

26 մայիս 2022 11:53

Այդ փոքրաթիվ քանակով հնարավոր չէ իշխանությանը ռադ անել,այն ժամանակ փողոցում կային 100 հազարավոր մարդիկ, հիմա 4000 հոգով պահանջում են իշխանության հեռացո՞ւմ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ավելորդ աղմուկ բարձրացնելու կարիք չկա: Մեր ընդդիմադիր գործընկերները սովոր են եղած հնարավորությունը բաց թողնել ու պահանջել նոր հնարավորություն: Կարող էին գալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ստանալ իրենց հարցերի պատասխանը»,- ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ «հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ հրավիրել, եթե տղա են, թող գան»: 


Պալյանը գտնում է, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ շատ բացակայությունների հիմքով պետք է զրկվեն մանդատից: Երբ հիշեցրինք՝ Նիկոլ Փաշինյանն էլ 2018-ին երբ Գյումրիից քայլում էր, ԱԺ նիստեր էին ընթանում, ինքն էլ չէր մասնակցում նիստերին, ստացվում է, որ նախորդ իշխանությունները ավելի հանդուրժո՞ղ էին ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, քան ձեր իշխանությունը՝ Պալյանը պատասխանեց. «Բացարձակ համեմատելու չէ ձեր նշած ժամանակաշրջանը մեր այսօրվա ապրած օրերի հետ եւ շարժումը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ու հիմիկվա, բացարձակ համեմատելի չէ: Մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք այսօր փողոց են դուրս եկել, անում են քայլեր, որոնք մեղմ ասած ճիշտ չեն: Օրինակ, ԱԳՆ-ում կատարվածը դա ի՞նչ էր: Ընդամենը 1-1,5 ամիս առաջ մեր ընդդիմադիր գործընկեր Ագնեսա Խամոյանը Արարատ Միրզոյանի կողմից հրավիրվեց ԱԳՆ, գնաց ու ստացավ բոլոր հարցերի պատասխանը: Դա ի՞նչ էր գնալ, շրջափակել ԱԳՆ-ն ու անել մանր խուլիգանություններ եւ սարքել շոու, երբ իրենք ունեին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Այնպես որ համեմատելու չէ, այն ժամանակ կար ժողովրդի աջակցությունը»: 


Հարցին՝ այսինքն, ի՞նչ է ստացվում՝ այն ժամանակ բուհերի, մի շարք պետական հիմնարկների աշխատանքն արգելափակվում էր ու այն ժամանակ դա անողները ժողովուրդ էր համարվում, հիմա ընդդիմադիրներին սատարողները ժողովուրդ չե՞ն այլեւս՝ Պալյանը պատասխանեց. «Իհարկե, ժողովուրդ են, մենք հարգում ենք այդ 4000 մարդկանց, բայց եկեք փաստենք մի բան՝ այն ժամանակ փողոցում կային 100 հազարավոր մարդիկ: Ու 4000 հոգով պահանջել իշխանության հեռացում, այն էլ՝ լեգիտիմ ընտրված, դա տեղին չէ ու համեմատելի չէ»: 




Ընդդիմադիրներն ասում են՝ իշխանականներից ով չի ասում՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, նրան «ռադ ենք անելու», հարցին՝ հիմա դուք պատրա՞ստ եք այդ նախադասությունը կրկնել, թե՞ չէ՝ Էմմա Պալյանը պատասխանեց. «Ես որեւէ նախադասություն ընդդիմության պահանջով կամ հորդորով չեմ պատրաստվում կրկնել: Մի բան կարող եմ ասել՝ իրենց ՀՀ քաղաքացին ռադ է արել 2018-ին ու իրենք չէ, որ պետք է ՀՀ քաղաքացու կողմից ընտրված իշխանությանը ռադ անեն: Այնպես որ թող իրենք մտածեն, թե ինչպես են այդ մարդկանց ասելու՝ գնացեք տուն, այլեւս շարժումը հաջողած չէ: Որովհետեւ վաղ թե ուշ պիտի գա այդ պահը: Երկարատեւ օրեր անցան ու մենք տեսանք, որ իրենք չունեն ՀՀ քաղաքացու աջակցությունը: Այդ փոքրաթիվ քանակով հնարավոր չէ իշխանությանը հեռացնել, կամ, ինչպես իրենք են ասում՝ ռադ անել: Ու հեչ տեղին չէ նման բառապաշարով խոսել լեգիտիմ իշխանության հետ»: 


Փոխանցեցինք՝ ընդդիմադիրներն ասում են՝ թող ականջներին օղ անեն, որ այս շարժումը կավարտվի իրենց հաղթանակով, կամ Հայաստանի, Արցախի պետականությունը անդունդը կգլորվի՝ Պալյանն արձագանքեց. «Հայաստանի պետականությունից ու Արցախի փրկությունից խոսում են մարդիկ, ովքեր վարչապետի եւ Ալիեւի հանդիպումից րոպեներ առաջ ակցիաներ են կազմակերպում ՀՀ վարչապետի դեմ օտար երկրում: Ես չեմ կարծում, որ նման քայլ կարող է անել որեւէ ադեկվատ հայ մարդ, եթե ինքը դավաճան չէ: Այդ ակցիան իրենք պետք է անեին ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ՝ Ալիեւի դեմ ու եթե իրենք դա չեն հասկանում, ապա իրենք պետք է ականջներին մեծ օղ անեն, որ այդ ամեն ինչը հասկանում է ՀՀ քաղաքացին: Նորից եմ ասում՝ իրենց պահվածքը, անցյալը, իրենց ներկան է պատճառը, որ քաղաքացին մերժում է իրենց ու ես վստահ եմ՝ մերժել է հավերժ ու անվերադարձ»:


Պալյանն ասաց, որ ինքը ամենօրյա շփումների մեջ է Շիրակի մարզի բնակիչների հետ ու փոխանցեց, թե ինչ են ասում շարժման մասին. «Լուրջ չեն ընդունում: Բոլորը գիտեն այս մարդկանց, մեր ընդդիմադիր գործընկերների իրական նպատակը որն է՝ իշխանազավթումը: Նրանց չի հետաքրքրում ո՛չ Արցախը, ո՛չ ՀՀ պետականությունը: Դա այնքան ակնհայտ է, որ եթե փողոցում քայլենք, հարցնենք անցնող քաղաքացիներին, միանշանակ ամեն երկրորդը դա փաստելու է»:


Երբ ասացինք՝ իրենց փաստարկով, դա նրանից է, որ դուք, Փաշինյանը մարդկանց «ուղեղը լվացել է», սարքել է նրանց «զոմբի» ու ձեր ֆեյք ֆաբրիկաներով այդպիսի տպավորություն եք ստեղծում հասարակության շրջանում՝ Էմմա Պալյանը պատասխանեց. «Ովքեր են խոսում ֆեյք ֆաբրիկաներից: ԶԼՄ-ների մեծ մասը հենց ընդդիմադիրների հովանավորության տակ են: Ոչ մեկը ոչ մեկի ուղեղ չի լվացել, իրենք իմաստուն, գիտակ քաղաքացիներ են եւ ունեն իրենց վճռական ու աներկբա կարծիքը: Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանց շարժումը չի հաջողելու, արդեն իսկ չի հաջողել: Ես խորհուրդ կտամ գնան տուն, վերադառնան ԱԺ, հասկանանք հետագա ընթացքը ոնց կլինի: Բայց իշխանափոխություն չի լինելու, որովհետեւ մեր իշխանության կողքին կանգնած է ՀՀ քաղաքացին»»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր