Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

30 մայիս 2022 10:49

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին՝հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական» հայտարարությունների նպատակն է խարխլել պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր 2022 թվականի մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ «ապատեղեկատվություն են» (չակերտները՝ Tert.am):


«Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։


Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»,- ասվում է հայտարարությունում:


Հիշեցնենք, որ Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:




Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել  մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը:


«Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։




Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:


Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:


Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։


Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։


Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։


Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները», - ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր