Բայդենը կշարունակի Ուկրաինային մատակարարել սպառազինություն, բայց և թույլ էլ չի տա հարվածներ հասցնել ՌԴ տարածքին

«Չնայած այն հանգամանքին, որ ես համաձայն չեմ պարոն Պուտինի հետ և կարծում եմ, որ նրա գործողությունները վիրավորական են, Միացյալ Նահանգները չի փորձի հասնել նրա հեռացմանը: Քանի դեռ չեն հարձակվել ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների վրա, մենք ուղղակիորեն չենք ներգրավվի այս հակամարտության մեջ՝ ո՛չ ամերիկյան զորքեր ուղարկելով Ուկրաինա, ո՛չ էլ հարձակվելով ռուսական զորքերի վրա»,- գրել է Բայդենը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի խրախուսի ու թույլ չի տա Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Միաժամանակ, ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել ցանկացած տեսակի ռազմական, նյութատեխնիկական ու ֆինանսական օգնություն։
«Մենք կշարունակենք Ուկրաինային մատակարարել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ Javelin հակատանկային հրթիռներ, Stinger զենիթային հրթիռներ, հզոր հրետանի և բարձր ճշգրտության հրթիռային համակարգեր, ռադարներ, անօդաչու թռչող սարքեր, Մի-17 ուղղաթիռներ և զինամթերք։ Մենք նաև միլիարդներ կուղարկենք`որպես ֆինանսական օգնություն»,- հոդվածում խոստանում է Ջո Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ ճնշում չի գործադրի Կիևի վրա՝ Ռուսաստանին տարածքային զիջումներ անել-չանելու հարցում։ Ըստ Բայդենի, այս ճգնաժամի ընթացքում իր սկզբունքն էր. «Ուկրաինայի մասին ոչինչ՝ առանց Ուկրաինայի»:
Բայդենը չի հավատում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարել են Կիևի դիրքորոշման պատճառով։ Ամերիկացի առաջնորդը դրա մեջ մեղադրում է Ռուսաստանին, որը «շարունակում է պատերազմ վարել Ուկրաինայի դեմ՝ հնարավորինս շատ տարածքներ վերահսկողության տակ առնելու համար»։