Շուշիում Էրդողանի ուղերձը.շատ կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Բաքվում անցկացվող «Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում:
Նշյալ նիստի ընթացքում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն կարդացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը:
Դրանում շեշտվել է, էներգետիկ ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջին ռազմավարական համագործակցության մասին, որի արդյունքում իրականացվել են «տարածաշրջանային ու միջազգային առումով կենսական նշանակություն ունեցող այնպիսի նախագծեր», ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Տրանսանատոլիական գազատարը (TANAP):
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը (ՀԳՄ), որի ողնաշարը կազմում է TANAP-ը, դարձել է Եվրոպայի 4-րդ գազային զարկերակը: Դրանով առ այսօր Թուրքիա է տեղափոխվել 15 մլրդ խմ, իսկ Եվրոպա՝ 10 մլրդ խմ բնական գազ:
Էրդողանը նշել է, որ մեծացնելու են ՀԳՄ-ի ծավալները, ինչն Ալիևի հետ միասին ամրագրել են նաև «Շուշի հռչակագրում»:
Էրդողանը կարևոր քայլ է համարել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի քայլերն ու ավելացրել. «Այս համատեքստում շատ կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը»: