Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

10 հուն 2022 15:34

Էդ ո՞նց է ստացվում, որ բոլոր ճանապարհները բացվում են հօգուտ Ադրբեջանի.Այսօր խնդիրը այն է, որ այն, ինչ արդեն կորցրել ենք, կան վտանգներ, ավելի շատը կորցնելու

Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավետությունը գնահատելու համար դու պետք է պատկերացում ունենաս, թե ինչպիսի նպատակներ ունի կառավարությունը, որը վարում է այդ բանակցությունները. եթե նպատակ է դրված ձերբազատվել Արցախից, ապա միայն մի գնահատական կարող է լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


«Այդ տեսակետից մենք միայն մեկ գնահատական կարող ենք տալ, որ ՀՀ իշխանությունները հետապնդում են այնպիսի նպատակներ, որոնք հակադիր են մեր ազգային շահերին»,-ասաց նա:


Տարածված տեսակետին, թե պատերազմից հետո Հայաստանի մանեւրելու տարածությունն այնքան է նեղացել, որ ավելի բան հնարավոր չէ անել, նախկին փոխնախարարն ասաց. «Իհարկե, պատերազմից հետո այն արձանագրումները, որոնք եղան, մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտարարությունները, էապես նեղացրել են մեր դաշտը: Բայց եթե խոսում ենք արդյունավետության մասին, միջազգային հարաբերություններում դա կախված է քո դաշնակիցների առկայությունից: Եթե բոլորը քո համար թշնամի են, ապա բարդ է պատկերացնել փոքր երկրի համար, որ այն կարող է արդյունավետ լինել: Իսկ մենք սկսած 2018 թվականից կորցրել ենք մեր դաշնակիցներին:


Միշտ էլ ամեն ինչ հնարավոր է, բայց կան գործընթացներ, որոնք գրեթե դարձել են անդառնալի: Հիմա ընդդիմությանն ասում են՝ ասեք, որ գալու եք եւ չեղարկելու եք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Շուշին հետ եք բերելու: Այսինքն մղում են ծայրահեղական հարցադրումների: Ոչ ոք միամիտ չէ, որ կտրուկ քայլ կատարի: Այսօր խնդիրը այն է, որ այն, ինչ արդեն կորցրել ենք, կան վտանգներ, ավելի շատը կորցնելու եւ այսօր խնդիր կա կասեցնել այդ գործընթացը, վերականգնել մեր ռեսուրսները, վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները: Պետք էր հանճար լինել մեր բոլոր պոտենցիալ դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու համար, կամ էլ իրականացնել հատուկ ծրագիր»,-ասաց Քոչարյանը:


Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցություններին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, շատ հեռու է բոլոր չափանիշներից, որոնք վերաբերում են սահմանազատմանը եւ սահմանագծմանը:


«Ընդհանուր օրինաչափությունն այն է, որ սա որեւէ ձեւով չի բավարարում սահմանազատման եւ սահմանագծման չափանիշներին, ավելին, դա օգտագործում է միջազգայնորեն ընդունված գործընթացը որպես քող Հայաստանի շահերն ու տարածքները օտարելու համար: Սա է, ուրիշ բան չպետք է այստեղ փնտրել»,-նշեց նա:


Շավարշ Քոչարյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւս այս տրամաբանության մեջ է կատարվում. «Այնքան ակնհայտ է, թե սա ինչ ծրագիր է: Պետք է հասկանալ, որ տեղի է ունենում Արցախի ու Հայաստանի համար շատ կործանարար գործընթաց, որն ունի տարբեր անվանումներ՝  տրանսպորտային միջանցքներ, դելիմիտացիա, դեմարկացիա, խաղաղության պայմանագիր, Թուրքիայի հետ հարաբերություններ, բայց այդ ամենի հիմքում մի բան է ընկած՝ անընդհատ զիջել, զիջել: Ադրբեջանի համար հստակ նպատակ է դրված՝ հայաթափել Արցախը, ուղղակի կտրուկ քայլի չի գնում, այնտեղ ռուսներ կան: Հայաստանի հանդեպ դիրքորոշումը նույնպես հստակ է՝ ներթափանցել Հայաստան, անկլավներով, հետո պնդել, որ բոլոր փախստականները վերադառնան, Հայաստանանում ստեղծել հենակետեր, մասնատել ճանապարհներով, որից հետո քայլ առ քայլ տիրանալ: Պրոցեսը սա է, անվանումները կարող են տարբեր լինել»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:


Նրա խոսքով, եթե Ադրբեջանն այդքան շահագրգիռ է կապուղիների բացմամբ, թող թույլ տա, որ Հայաստանը ճանապարհ ունենա Ադրբեջանով դեպի Ռուսաստան. «Էդ ո՞նց է ստացվում, որ բոլոր ճանապարհները բացվում են հօգուտ Ադրբեջանի: Թող ասեն՝ հայեր, այսօրվանից բոլոր ձեր ֆուռերը կարող են իմ ճանապարհով գնալ Ռուսաստան, ես երաշխավորում եմ: Հասկանալի է, որ ամեն ինչ արվում է միակողմանի ի հաշիվ մեր զիջումների»:


Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու ակնկալիքի մասին, ԱԳ նախկին փոխնախարարն ասաց. «Ազգերի ինքնորոշումը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված է, ի՞նչ նշաձող ես իջեցնում: Դու ՄԱԿ-ից վե՞ր ես»:


ԱԳ նախկին փոխնախարարը խոսեց նաեւ Հայաստանում տիրող հանրային տրամադրություններից՝ դրանք անվանելով ավտորիտար համակարգերին բնորոշ. «Մեզանում կա միտում՝ մեր բացթողումների համար մեղավոր փնտրել դրսում. Մարդկանց զգալի մասի մոտ կա սպասելիք, որ ինչ-որ մի փրկիչ պետք է դրսից գա: Կա դրա հակառակը, եթե չկա փրկիչ, ուրեմն թշնամի է: Եվ սկսում ենք մեր բացթողումները վերագրել դրսին՝ ռուսն է թշնամի, Եվրոպան է թշնամի: Ամենուրեք թշնամի փնտրելը խոսում է այն մասին, որ դու ներքուստ չես կայացել:


Նույնը վերաբերում է ներքաղաքական դաշտին: Ներքաղաքական կյանքում էլ անընդհատ փրկիչ են փնտրում»,-ասաց Շավարշ Քոչարյանը:


Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը անկախանալուց հետո ուներ բոլոր նախադրյալները, որ կայանար որպես տարածաշրջանում հզոր, ազդեցիկ պետություն, դրա համար պետք է գնար ժողովրդավարության ուղիով. «Բայց մեզանում հաստատվեց ավտորիտար համակարգ եւ այդ համակարգից դանդաղ գնում էր ձերբազատման գործընթացը: Բայց մարդկանց մտածելակերպը մնաց ավտորիտար համակարգի շրջանակներում: Այսինքն ցանկացած եղած իշխանություն սրիկա է, պետք է փնտրել փրկիչին: Այս պարագայում դա ավելի է խորացել՝ դավաճան է, պետք է փրնտրել փրկիչին: Պետք է դրանից ձերբազատվել: Ոչ դրսում կա փրկիչ, ոչ ներսում: Մենք պետք է ներսում ամեն ինչ ի մի բերենք, արդյունավետ պետություն կառուցել, արդյունւավետ հարաբերություն կառուցենք Սփյուռքի հետ եւ վերականգնենք մեր հարաբերությունները դաշնակից պետությունների հետ»,-ասաց ԱԳ նախկին փոխնախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր