Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 օգոս 2022 16:47

Բերձորի և Աղավնոյի բնակիչները ժամանակից շուտ պետք է թողնեն իրենց տները.Գլխավոր հիմքը ադրբեջանական կողմի ծանուցումն է՝ երթուղին փոխելու հստակ ժամկետներով

Մինչև օգոստոսի 25-ն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնվելու են թշնամուն։ Մինչ այդ բնակիչները պետք է դուրս գան այդ տարածքներից։

Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր լուրեր են շրջանառվում, թե այդ տարածքները հանձնելու և Բերձորի այլընտրանքային ճանապարհի երթուղին որոշելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։

168.am-ը այս և մի քանի այլ թեմաների վերաբերյալ հարցեր ուղղեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
–Տիկին Ավանեսյան, Արցախի Կառավարությունն այս պահին ինչպե՞ս է աջակցում Բերձորի և Աղավնոյի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան իրենց իրերը տեղափոխել այս կամ այն վայր։
–Կառավարությունը տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ է ներգրավել, որպեսզի տարհանվեն ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գույքը, այնպես էլ բնակիչների: Արցախի կառավարության համապատասխան կառույցները կապի մեջ են տեղական իշխանության մարմինների հետ և ստեղծված պայմաններում աջակցություն են ցուցաբերում՝ առաջնորդվելով Քաղաքացիական պաշտպանության պլանով: Ըստ կարիքի՝ հավելյալ աջակցություն կլինի:

–Այդ մարդկանց բնակարաններով ապահովելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

–Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչներն այն նույն ծրագրերի շահառու են, որոնցից օգտվում են 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները: Արցախի կառավարությունը նախատեսում է Արցախում մնացող ընտանիքներին տեղավորել Ասկերանի շրջանի Հովսեփավան բնակավայրի նորակառույց թաղամասում: Հովսեփավանում նրանք պատրաստի տուն կունենան, իսկ ՀՀ տեղափոխվողները կստանան վկայագիր` ՀՀ կառավարության որոշման համաձայն:

–Տարբեր քաղաքական գործիչներ նշում են, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցման այս երթուղու համար պայմանավորվածություն¬ է ձեռք բերվել Մոսկվայում՝ Վիտալի Բալասանյանի, Արայիկ Հարությունյանի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների միջև։ Նման հանդիպում Մոսկվայում տեղի ունեցե՞լ է, պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունը։

Ի դեպ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս ճանապարհի վերաբերյալ իր վերջին հարցազրույցում ասել էր, որ «Ճանապարհի մասով Հայաստանը պայմանավորվածությունները թողել է ԼՂ իշխանությունների որոշման տիրույթում, ՀՀ-ն ուղղակի կառուցողն է, ԼՂ-ն որոշել է՝ ոնց անցնի ճանապարհը»։

–Մոսկվայում նման հանդիպման մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է նոր երթուղուն, ապա դրան նախագահ Ա. Հարությունյանն անդրադարձել է հունիսի 30-ին Արցախի ԱԺ նիստում:

–Ի՞նչ որոշման հիման վրա է եղել՝ բացի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչները ժամանակից շուտ պետք է թողնեն իրենց տները: Որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է։

–Որևէ այլ պայմանավորվածության մասին ես տեղյակ չեմ: Գլխավոր հիմքը ադրբեջանական կողմի ծանուցումն է՝ երթուղին փոխելու հստակ ժամկետներով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ խաղաղապահների պահակակետերը տեղափոխվելու են նոր երթուղու շուրջ՝ միջանցքը հսկելու համար, ինչի մասին հայտնի դառնալուց հետո Արցախի Հանրապետության իշխանությունները համապատասխան քայլեր են ձեռնարկում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է՝ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Սակայն հայկական կողմերից և ոչ մեկը չի տվել պատասխանը, թե Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման որևէ նախագիծ իրենք հաստատե՞լ են, թե՞ ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր