Այդ ձորակում ունենք դեռ երեխաներ, վիրավորներ, նրանց պետք հանել այդտեղից

«Դիմել ենք Կարմիր խաչին, բայց ասացին, որ մինչև երկու կողմի համաձայնությունը չլինի, իրենք ոչինչ չեն կարող անել։ Ես առողջ երեխա եմ տվել բանակին, հիմա իմ տղայի մասին տեղեկություն եմ ուզում ստանալ։ Մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը, մեկը մյուսի մոտ է ուղարկում։ Հիմա ես, իմ նման ծնողներն ի՞նչ անեն, ո՞ւր գնան»,-ասում է Սերժիկ Ղազարյանը։
Նա նշում է, որ այս պահին թշնամու վերահսկողության տակ անցած հատվածներում հնարավոր է շրջափակման մեջ մնացած լինեն վիրավորներ ու այս կամ այն թաքստոցում պատսպարված զինվորներ, որոնց փրկելու համար ժամանակ կար, այնինչ հայկական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Ս. Ղազարյանը նշում է․ «Ես գիտեմ, որ այդ ձորակում ունենք դեռ երեխաներ, վիրավորներ, նրանց պետք էր հանել այդտեղից, նրանց կարելի էր փրկել՝ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, սպասում են հրամանի, բայց հրամանը չկա»։
Մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին ՊՆ-ն պաշտոնապես դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, որ հրադադարի ընթացքում, որպես չեզոք կազմակերպություն, զոհված զինծառայողների մարմինները հայկական կողմին հանձնելու գործընթացին աջակցի։
«Զոհված զինծառայողների թվի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ և այլ աշխատանքներ իրականացնելուց հետո ՀՀ ՊՆ-ն այդ մասին ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»,-ասաց Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին հանձնել է 32 հայ զինծառայողի մարմին, ընդ որում՝ ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել էր, որ մարմինների փոխանցումը եղել է առանց Կարմիր խաչի միջնորդության։ Հայաստանյան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեզ ասաց, որ Կարմիր խաչն ամեն վայրկյան պատրաստ է որոնողական աշխատանքների անցնել, դիերը դուրս բերել դիրքերից, մնում են միայն անվտանգության երաշխիքներն ու երկու կողմերի համաձայնությունը։
«Մեր կողմից կան նախապայմաններ՝ մեր միջնորդությունն իրականացնելու համար, որը շատ կարևոր է այս գործի՝ արդյունք ունենալու առումով։ Խոսքը գնում է անվտանգության երաշխիքների ապահովման մասին․ թիմերին ապահով աշխատելու հնարավորություն՝ մի կողմից, մյուս կողմից` համաձայնություն նմանատիպ գործողություն իրականացնելու՝ աշխարհագրական տարբեր ուղղություններով և այլն։ Այդ առումով համաձայնությունը պետք է լինի հստակ»,-ասաց Ամատունին։
Սերժիկ Ղազարյանը կոչ է անում Վերին Շորժայում և հարակից տարածքներում ծառայած և այս պահին անհետ կորած համարվող բոլոր զինվորների ծնողներին՝ իր հետ կապ հաստատել՝ միասին որևէ լուծում գտնելու համար։
Սերժիկ Ղազարյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 76 02 01:
Աղբյուրը՝ hraparak.am