Տեսանյութ. Պետք է ադրբեջանական զինուժը վերադառնա ելման դիրքեր, այլապես ՀԱՊԿ–ը պետք է ընդհուպ ռազմական քայլերի դիմի
ՀԱՊԿ–ի արձագանքն ինձ չի բավարարում, միայն քաղաքական գնահատականները բավարար չեն, եթե դրանց չեն հետեւելու կոնկրետ գործողություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։
«Պետք է ամենայն լրջությամբ քննարկվի ու հստակեցվի այն հանգամանքը, թե Ադրբեջանը որտեղ եւ ինչքան է ներխուժելՀայաստանի ինքնիշխան տարածք եւ հետ գնա ելման դիրքեր։ Եթե ՀԱՊԿ–ի հայտարարությունները հետեւանք չունեն մեր սուվերեն տարածքների վերականգնման իմաստով, ապա դրանք լոկ դեկլարատիվ խոսքեր են»,– ասաց նա։
Դիտարկմանը՝ եթե ՀԱՊԿ–ը հայտարարի, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից, Ադրբեջանը կգնա այդ քայլին, Հովիկ Աղազարյանն արձագանքեց.
«Հայտարարելը քիչ է, պետք է այնպես անել, որ ադրբեջանական զինուժը վերադառնա ելման դիրքեր։ ՀԱՊԿ–ը պետք է Ադրբեջանին խնդրի, որ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։ Իսկ եթե Ադրբեջանը չանի, ապա ՀԱՊԿ–ը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, դիմի կոնկրետ քայլերի, ընդհուպ ռազմական քայլերի։ Հակառակ դեպքում ՀԱՊԿ–ի իմաստը ո՞րն է»։
Իշխող ուժի պատգամավորը միեւնույն ժամանակ կարծում է, որ ՀԱՊԿ–ը երբեւէ ի վնաս Ադրբեջանի որոշում չի կայացնի, որովհետեւ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսունսով։
«ՀԱՊԿ–ի դեմ դեմարշ անելու փոխարեն, մենք պետք է հարաբերությունների դաշտը փոխենք դեպի Ռուսաստան»,– ասաց Հովիկ Աղազարյանը։
Իշխող ուժի պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար։