Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 նոյ 2022 12:51

Ռևանշիզմի, խաղաղասիրության բացակայության և այլ հորինված մեղադրանքների քողի տակ թաքցնում եք Ձեր ղեկավարության նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը. Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի պաշտոնակցին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Փերվին Հայամ օղլու Միրզազադեի հոդվածին, որում վերջինս անդրադարձել էր Մարուքյանին և նրա՝ «Թվիթեր»-ում կատարած մի շարք գրառումներին:


Իր պատասխանում Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ճանապարհը կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինծառայողներին դուրս բերելն է, բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելն է, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին և արձանագրությանը համապատասխան դելիմիտացիա իրականացնելն է, կողմերի սուվերենության հիմքի վրա կոմունիկացիաների բացումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների և ազատության երաշխավորումն է:


«Միևնույն ժամանակ խաղաղության ճանապարհ չեն կարող լինել սպառնալիքներն ու բռնությունը: Չնայած Ձեր ողջ հոդվածում կարմիր գծով անցնում են հենց հայ ժողովրդի հասցեին ուղղված սպառնալիքները, ինչը հատկապես ընդգծված է «գրավիչ» վերնագրով: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Սոչիի եռակողմ հայտարարությունը, որի շրջանակներում պայմանավորվել է զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից: Խորապես հիասթափված եմ, որ արդեն այսօր Ձեր հայտարարությունները դուրս են եկել պայմանավորվածությունների շրջանակից, որոնց հասել է Ձեր իսկ կառավարությունը: Նաև ցավում եմ, որ, չնայած արտաքին գործերի նախարարությունում 33 տարվա աշխատանքին, Դուք հակված եք իրար հակասող եզրահանգումների: Մի կողմից Դուք խոսում եք տարիքով ավագների հանդեպ հարգանքի մասին, ինչն ընդունված է Կովկասում, իսկ մյուս կողմից Ձեզ հանգիստ իրավունք եք վերապահում անցնել անձնական վիրավորանքների: Ինչպես ասել է դասականը՝ «եթե ուզում եք հարգանք՝ մի սկսեք վիրավորանքներից»: Սուտը, որը երբեմն դուրս է ցանկացած երևակայության սահմաններից, հաճախ կիրառվող գործիքներից մեկն է, որն օգտագործում եք Ձեր դատողություններում: Ռևանշիզմի, խաղաղասիրության բացակայության և այլ հորինված մեղադրանքների քողի տակ Դուք թաքցնում եք Ձեր ղեկավարության նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը: Նույն այդ քողի տակ Դուք փորձում եք թաքցնել Սումգայիթում և Բաքվում տասնյակ հազարավոր հայերի ջարդերը, որոնք ուղեկցվել են զանգվածային սպանություններով, թալանով և հրկիզումներով: Դուք փորձում եք նաև մոռացության մատնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մշտական բռնությունը, ինչպես դա եղավ հակամարտության էսկալացիաների ընթացքում գրանցված ագրեսիաների ընթացքում՝  2016 թվականին և 2020 թվականին: Դուք փորձում եք միջազգային իրավունքի մասին բառերի տակ թաքցնել խաղաղ մարդկանց սպանությունները, ռազմագերիներին պահելն ու գնդակահարելը, զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների դիակները ծաղրելը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը, մշակութային և պատմական ժառանգության յուրացումն ու պղծումը: Երևում է՝ հենց այդպիսի մթնոլորտում են զարգացել պատմությունը խեղաթյուրելու և ամբողջությամբ վերաշարադրելու Ձեր մշտական փորձերը՝ հայկական քաղաքներն ու տարածքները յուրացնելու հատուկ ուղղվածությամբ:


Ընդգծեմ նաև Ձեր հոդվածի ամբողջական դիսոնանսը, երբ դատողություններ եք անում «սուվերենություն» հասկացության մասին: Մի կողմից Ձեզ համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ ճանաչված ու պարզ են, երբ խոսք է գնում Արցախի ժողովրդի իրավունքների մասին, մյուս կողմից այդ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի կարիք կա, երբ խոսք է գնում Հայաստանի սուվերեն տարածքների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին: Միթե՞ այդպես լինում է»,- ասված է Մարուքյանի պատասխան նամակում:


Էդմոն Մարուքյանը կրկնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա սահման, որոնք, ինչպես բազմիցս հաստատվել է, պետք է դելիմիտացվեն և դեմարկացվեն 1991 Ալմա-Աթայի հռչակագրին և արձանագրություններին համապատասխան: Նա հիշեցրել է, որ սահմանների դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովը ակտիվ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Էդմոն Մարուքյանն ակնհայտ է համարում, որ այդ հարցը երբեք էլ տարածքային վեճի բնույթ չի ունեցել:


«Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ խաղաղության ճանապարհը բարդ է, սակայն այդ ճանապարհը կա: Ատելությունը, բռնությունը, սուտը և սպառնալիքները հակադրվում են խաղաղությանը, կյանքին, ճշմարտությանը և պայծառ ապագային: Հայ ժողովուրդը հազարամյակներով տարել է խաղաղապահության և արդարության խաչը և այսօր  չի պատրաստվում հրաժարվել իր ճանապարհից: Ես հավատում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, եթե կա բոլոր պայմանավորվածությունները իրագործելու և խաղաղության պայմանագիր կնքելու հստակ քաղաքական կամք: Կարող եմ վստահորեն փաստել, որ հայկական կողմն ունի մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և խաղաղության պայմանագիր կնքելու ամուր քաղաքական կամք: Տեսնենք՝ Ադրբեջանն ունի այդ քաղաքական կամքը»,- եզրափակել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր