Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

30 նոյ 2022 10:45

Մեզ զենք է պետք, որտեղից ուզում են, թող բերեն.սեպտեմբերի 13-14-ին ռուսական զորքն այդ հատվածից դուրս է եկել․ ո՞նց են իրենք մեր անվտանգությունը պահում․«Առավոտ».

«Առավոտ» թերթը գրում է․ ««Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ կոչվող, ԵԱՏՄ կոչվող տարածքի հետ ուղղակի վտանգված է: Մենք նրանց հետ չունենք անվտանգություն: Մենք չենք կարող մեր  սպառազինության խնդիրը լուծել նրանց հետ, ինչը ենթադրում է, որ մենք պետք է մտածենք մեր հարցերը ոնց ենք լուծում: Իսկ քանի շարունակում եք մնալ ՀԱՊԿ-ում ու խուսանավել, ասել՝ դե գիտեք ինչ կա, բոլորի հետ մենք լավ հարաբերություն ունենք, այդպես չի լինում: Աշխարհը այս պահին հստակ բաժանված է 2 մասի. կան Ռուսաստանին դաշնակից ուժեր եւ կա աշխարհ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա, ՌԴ-ին դաշնակից մի քանի երկիր է մնացել ու անգամ ՀԱՊԿ անդամ երկրները ՌԴ-ին դաշնակից չեն ու եթե հնարավորություն ունենան, օր առաջ դուրս կգան ՀԱՊԿ-ից. «Եթե Փաշինյանը կարծում է՝ այսպես կշարունակի մնալ, իր իշխանության վերջը կգա: Բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանի վերջը չգա ու չի գա: Մենք պիտի այնպես անենք, որ ունենանք ուժեղ դաշնակիցներ ու դաշնակիցների հետ մեկտեղ կարողանանք մեր ավտանգության խնդիրը լուծենք, սպառազինության հարցը լուծենք, մեր զորքի կրթվելու խնդիրը լուծենք ու այդպես մի շարք հարցեր»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված նույնիսկ այն ուժերը, որոնք այս օրերին  որոշակի դժգոհություն ունեն կառույցի անգործությունից, ասում են՝ հա, ճիշտ եք, ՀԱՊԿ-ը չարդարացրեց իրեն, խնդիրներ կան, բայց այնպես չի, որ Արեւմուտքը մեզ զենք է տալիս կամ ռազմական աջակցություն է տրամադրում, այլընտրանք ունե՞նք՝ Սանասարյանը պատասխանեց. «Խաբում են ուղղակի մեր քաղաքացիներին: Եթե դու ՀԱՊԿ անդամ ես ու ասում ես՝ Ռուսաստանի հակառակորդները, թշնամիները խի՞ մեզ զենք չեն տալիս, դա, մեղմ ասած, մանիպուլյացիա է: Պարզ տրամաբանություն է: Արեւմուտքից ի՞նչ երաշխիքներ եք սպասում: Ե՞րբ եք խոսել Արեւմուտքի հետ: Ես էլ տարբեր միջազգային մեր գործընկերների հետ տարբեր շփումներ ունենում եմ, իրենք ասում են՝ գիտեք, դուք հա՛մ ուզում եք այնտեղ լինեք, հա՛մ այնտեղ, այդպես չի լինում»:

Հարցին՝ իսկ որ դուրս գանք ՀԱՊԿ-ից, իրենք կոկրետ ինչ-որ խոստում տալի՞ս են՝  Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Հրապարակային տարբեր երկրների գործողություններ մենք տեսնում ենք: Ե՛վ ԱՄՆ-ի, ե՛ւ Ֆրանսիայի հստակ մեսիջներ ենք մենք տեսնում: Եթե դու, լինելով ՀԱՊԿ անդամ, մեր միջազգային գործընկերները կարողանում են որոշակի անվտանգային մթնոլորտ այստեղ ստեղծել, պատկերացրեք, որ դու ՀԱՊԿ անդամ չլինես, դա լրիվ ուրիշ իրավիճակ կլինի: Որովհետեւ ՀԱՊԿ-ը զուտ նախասիրությունների տարածք չի, դա անվտանգային կառույց է, որը ստեղծվել է Արեւմուտքի դեմ, կոպիտ ասած: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ լինելով մի կառույցում, որն իր գործունեությամբ տրամադրված է Արեւմուտքի դեմ, դու իրենցից աջակցություն ստանա՞ս: Կամ, լավ, դու ՀԱՊԿ անդամ չես, իրենք էլ քեզ երաշխիք չեն տալիս, դու երաշխիք ունե՞ս: ՀԱՊԿ-ն է պահո՞ւմ քո անվտանգությունը»: Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն գոնե հեղհեղուկ անվտանգություն է տալիս, նա պատախանեց. «Այդպես չի, ամեն պահի կարող է գլխիդ փորձանք թափվել: Ես հիշեցնեմ Ալիեւի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ իր բարեկամներն են: Ու դա նորություն չի ասում, իրականություն է: Հիշեք Լուկաշենկոյի վերջին ելույթը: Իրենք հստակ ասում են՝ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի դեմ չի: Հայաստանն այսօր խնդիր ունի Ադրբեջանի հետ, Սաուդյան Արաբիայի հետ չի հակամարտում: Ադրբեջանն ամեն օր մեր անվտանգությանը կոնկրետ հարված է հասցնում»: 

Փոխանցեցինք, որ այդ թեզին մեզ հակադարձում են հետեւյալ կերպ՝ հիմա Ադրբեջանը սահմանին ուժեր է կենտրոնացրել, Արցախի սահմանը փաստացի պահում են ռուս խաղաղապահները ու որ պահին իրենք դուրս եկան՝ հարձակում է լինելու: Սանասարյանն արձագանքեց. «Ես ձեզ կոնկրետ սահմանից գալով եմ ասում, ոչ թե ուղղակի ինչ-որ մի տեղ կարդացել եմ, սեպտեմբերի 13-14-ին, երբ որ սկսեց պատերազմը, ամսի 13-ին ռուս խաղաղապահները դուրս եկան այդ տարածքից, որ հանկարծ բան չլինի: Ռուսական զորքն այդ հատվածից դուրս է եկել»: Ճշտեցիք՝ Ջերմուկի՞ց նկատի ունի՝ Սանասարյանը պատասխանեց. «Ջերմուկից, հարավից առհասարակ, դուրս է եկել այն տեղերից, որտեղից հնարավոր էր, որ իրենք պրոբլեմ ունենային, ասենք, ո՞նց են իրենք մեր անվտանգությունը պահում: Շատ կարեւոր մի հանգամանք էլ կա՝ իրենք քեզ չեն զինելու: Այսօր իրենք խնդիր ունեն սպառազինության, քեզ չեն զինելու ու այդ պարագայում ո՞նց ես խնդիրդ լուծում: Այսօր ամենակարեւոր հարցը դա է: Գիտեք, Հնդկաստանի զենքով մի քանի զինատեսակ ունենալ, չի նշանակում լինել սպառազինված: Լինել սպառազինված, նշանակում է ամբողջ համակարգդ սպառազինել ու հետո այդ ծավալներն արդյոք ապահովելո՞ւ ես Հնդկաստանի զենքով, թե՞ չէ: Ես ողջունում եմ, որտեղից ուզում են, թող բերեն: Թող գնան Թուրքիայից բերեն, բայց բերեն, մեզ զենք է պետք: Ո՞նց ենք այդ խնդիրը լուծելու»:

Հիշեցրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, օրինակ, լրիվ ապավինում է ՌԴ-ի աջակցությանը եւ ասում է, որ միայն ՌԴ-ի հետ են պատկերացնում Արցախի ապագան՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես դրան ի՞նչ պետք է արձագանքեմ: Իրենք էլ են տեսնում, որ այդպես չի, հասկանում են, որ իրենք պատանդի կարգավիճակում են: Իրենք ՌԴ-ի ու Ադրբեջանի կողմից պատանդառված են: Հիմա Հայաստանը պետք է այնպես անի, որ այդ պատանդառությունից դուրս գա: Միտումներ չեմ տեսնում առայժմ շոշափելի»: 

Ճշտեցինք՝ դուք հանդիպումներ եք ունենում վարչապետ Փաշինյանի հետ, այս ուղերձները չե՞ք փոխանցում, ի՞նչ է ասում ձեզ՝ նա պատասխանեց. «Եթե մի բան հրապարակային ասում եմ, 10 անգամ ավել ես այնտեղ եմ ասում իմ դիրքորոշումները: Ինքը թող ասի ինչ է ուզում, ես հո իր խոսափո՞ղը չեմ: Ես այդպես հստակ պատասխան չեմ ստացել, որ ՀԱՊԿ-ից դուրս չենք գալու: Նման բան չի պատասխանել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր