Մի շտապեք դեն նետել նռան կեղևը, քանզի այն օրգանիզմի վրա ունենում է հրաշալի ազդեցություն․ ինչպես օգտագործել այն          «Փնթին ո՞րն է, չհասկացա», «Դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմե՞մ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև       Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ    

01 դեկ 2022 11:10

Ես հո չէի՞ գնալու դուռը բացեի, տեսնեի՝ Վովայի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։

Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի դուստրը՝ Յ. Գ.-ն, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ. Ե.-ին, ով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Վ․ Գ․-ն Վլադիմիր Գասպարյանն է, Յ․ Գ․-ն նրա դուստր Յուլյա Գասպարյանն է, իսկ Լ․  Ե․-ն նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն է։ 

Քրգործը՝ կարճ, մի բանի մասին է, որ նախկին ոստիկանապետի դուստրը 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, այնուհետեւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին, հոր կողմից ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում,  պաշտոնից 2018 թվականի մայիսի 10-ին ազատվել է, ու այդ երեք տարվա ընթացքում ոստիկանապետի դուստրն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: 

Ըստ քրգործի՝ Լեւոն Երանոսյանը քաջատեղյակ է եղել, որ ոստիկանապետի դուստրն ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, սահմանված կարգով ծառայության չի ներկայացել ու չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ. Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու եւ ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել եւ կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ,  պարգեւատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Նշենք, որ այս գործով դեռ 2020 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել Լեւոն Երանոսյանին։ Այն ժամանակ Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում դեռ հարուցված չէր։ Այսօր դատախազությունը կամ անձամբ տիկին դատախազը որոշել է նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում հարուցել, մեղադրանք առաջադրել ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որ խափանման միջոց ընտրվի։ 

Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս գործով գտնվում է դատական գործընթացի մեջ, դատարանում ինչ պետք է՝ ասել է, ամսի 19-ին էլ նորից նիստ է նշանակված, այդ օրն էլ կասի։ Մեր հարցին, թե ինչու Գասպարյանի դուստրն աշխատանքի չի հաճախել, Երանոսյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել՝ նա հաճախե՞լ է աշխատանքի, թե՞ ոչ։ «Ես չգիտեմ՝ աշխատանքի հաճախել է, չի հաճախել, ես ի՞նչ իմանամ։ Դա իմ իրավասությունների մեջ չէր մտնում։ Այսինքն՝ ես պիտի գնայի սենյակները նայեի՝ Գասպարյանի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ»,-ասաց նախկին փոխոստիկանապետը։

-Բայց Ձեր ենթակայության ներքո է աշխատել նախկին ոստիկանապետի դուստրը, Ձեզ չպե՞տք է հետաքրքրեր՝ Ձեր ենթակաները պատշաճ կատարո՞ւմ են իրենց պարտականությունները, թե՞ չեն կատարում։

-Բայց ես ի՞նչ իմանայի՝ գործի գալի՞ս ա, թե՞ չէ։

-Բա ո՞վ պետք է իմանար։

-Համապատասխան ծառայություններ կային, բան կար․․․ Ես հո չէի՞ գնալու դուռը բացեի, տեսնեի՝ Վովայի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ։

-Իսկ Վովա Գասպարյանի դուստրը որեւէ արտոնություն ունեցե՞լ է ոստիկանությունում՝ որպես ոստիկանապետի դուստր։

-Ի՞նչ արտոնություն կարար ունենար։ Իմ համար տարբերություն չկա՝ Վովայի աղջիկը կլիներ, թե ուրիշ մեկի աղջիկը կլիներ, դա ի՞նչ կապ ունի՝ ում աղջիկն է։

-Ձեզ է՞լ են այս 8 մլն դրամի չարաշահման գործով մեղադրում, թե՞ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։

-Էդ 8 միլիոնը մուծվել ա։ Էն ժամանակ ասացին՝ մուծեք, կկարճենք, բայց չկարճեցին։ Այսինքն՝ ասել են, որ փողը մուծելու դեպքում գործը կարճվելու ա։ Իսկ իմ մեղադրանքը նույնն ա մնացել՝ պաշտոնեական դիրքի չարաշահում։

-Իսկ ո՞ւմ կողմից է մուծվել՝ Ձե՞ր, թե՞ Գասպարյանի դստեր։

-Գասպարյանի դստեր կողմից է մուծվել, ես տեղյակ էլ չեմ եղել, հետո են ինձ ասել հատուկ քննչականից, որ փողը մուծված է։ Իսկ ինչ մնում ա՝ աշխատանքի հաճախել-չհաճախելը, ես պարտավոր չէի իմանալ։ Էդ դեպքում, ասենք, 2 հազարից ավելի մարդ կար, դա իմ գործառույթը չէր, որ ես իմանայի՝ ով էր գործի գալիս կամ ով գործի չէր գալիս»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր