Արցախից պաշտոնական նոր հաղորդագրություն է տարածվել

Այսպես.
• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշվածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է պետություններին (ոչ թե զինված ուժերին), ինչից հետևում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականություն, որը ադրբեջանական կողմը չի կատարել:
• Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների ուղեկցությամբ, քանզի 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելված է:
• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների անդամներ:
• Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական հայցին ի պատասխան Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է, որ ճանապարհը փակ է պահվում ռուս խաղաղապահների կողմից, մինչդեռ հրապարակված տեսանյութերը փաստում են հակառակը:
• ՄԻԵԴ-ին ներկայացված գրավոր պարզաբանումներում Ադրբեջանը բացառել է «բնապահպանների կողմից Լաչինի միջանցքում տեղակայվելու» գործընթացին պետության մասնակցությունը կամ կազմակերպումը, իսկ այդ դեպքում տարակուսելի են ճանապարհը երթևեկության համար անվտանգ ու երաշխավորված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն ու պնդումները:
• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակմանը բացահայտորեն մասնակցել են այնպիսի անձինք, ովքեր նախկինում հրապարակայնորեն հանդես են եկել հակահայ խոսքով ու վարքով, սոցիալական ցանցերում հպարտորեն ներկայացել են ատելություն քարոզող գրառումներով, հայի սպանության համար դատապարտված անձի հետ լուսանկարով: Նման պայմաններում ճանապարհը «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները խաբկանք են և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր:
• 2020թ. 44-օրյա պատերազմից հանրությանը հայտնի՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված ամենադաժան վայրագությունների պայմաններում Ադրբեջանը Արցախի նույն բնակչությանն առաջարկում է ճանապարհի շրջափակված հատվածով «անխոչընդոտ ու անվտանգ» կապ Հայաստանի հետ:
Արցախի դատախազություն