ՌԴ ներկայացուցչի խայտառակ ելույթը ԵԱՀԿ հատուկ նիստին,Մոսկվայից պետք է սպասել նոր բեմադրություններ

Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններն իրականում խոստովանություններ էին, որ միջանցքը փակվել է ռուսական կողմի կազմակերպմամբ։ ՄԱԿ ԱԽ-ում Բերձորի միջանցքի հարցով դեկտեմբերի վերջին տեղի ունեցած քննարկումներին, երբ ՌԴ-ն տապալեց բանաձեւի ընդունումը, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը բաց տեքստով խոստովանել էր, թե ինչու․ միջանցքի շրջափակումով Ռուսաստանը փորձում էր ՄԱԿ-ի մանդատ ստանալ (Երեւանի ու Ստեփանակերտի վարչակազմերի ձայնակցությամբ ու հումանիտար աղետով) եւ լեգիտիմացնել նոյեմբերի 9-ի եռակողմ թուղթը ՄԱԿ-ում։ ՌԴ ներկայացուցիչը նաեւ դժգոհել էր, որ բանաձեւի նախագծում միակողմանի նշված է «ադրբեջանական կողմը»։ Այսինքն, պետք է նշեին նաեւ, որ հայերն էլ են մեղավոր Բերձորի միջանցքի փակման համար։
Ռուսաստանին ոչ ոք չի պատրաստվում մանդատ տալ, միեւնույն ժամանակ՝ լեգիտիմացնել նոյեմբերի 9-ի թուղթը։ Եվ ահա, ԵԱՀԿ-ում ՌԴ դեսպան Լուկաշեւիչը փորձել է դուրս գալ այդ իրավիճակից ու մեղքը բարդել «ադրբեջանական ու հայկական կողմերի տարաձայնությունների» վրա, դրանով սակայն ավելի խորացնելով իրավիճակը։ Ինչու պետք է հայկական կողմը փոխզիջման գնա, ինչ հարցերում, երբ ռուսների իսկ պնդմամբ՝ իրենց խաղաղապահները պետք է մնան, իսկ միջանցքի հարցն էլ կարգավորված է նոյեմբերի 9-ի թղթով։ Այդ թվում հանքավայրն էլ, էլէներգիայի մատակարարումն էլ։ Իրականում, սա եւս մեկ խոստովանություն է, որ ՌԴ-ն Բաքվի հետ միջանցքի շրջափակմամբ հայկական կողմին պարտադրում է նոյեմբերի 9-ի թղթից դուրս զիջումներ։
Միջանցքի արգելափակման եւ Արցախը ՀՀ-ից կտրելու նպատակներին Լրագիրը պարբերաբար անդրադարձել է։ Հիմա, երբ Մոսկվային պարզ է դարձել, որ ոչ մի մանդատ էլ չի ստանալու, եւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հստակ արձանագրել են ՌԴ պատասխանատվությունն Արցախում ցեղասպան գործողությունների համար, Մոսկվայից պետք է սպասել նոր բեմադրություններ միջանցքին ու կոշտ գործողություններ՝ ուղղված իր հակահայ ծրագրերի արագացմանը։ Եթե իհարկե կարողանա․ հայ ժողովրդի ճնշման տակ թե ռուսների, թե իր խամաճիկների դիմակները պատռված են։
lragir.am