Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը.Խստորեն դատապարտում ենք.Իրանը պետք է կատարեր դեսպանատան անվտանգության ապահովման իր պարտավորությունները
Ադրբեջանը կօգտագործի միջազգային համապատասխան մեխանիզմների ընձեռած բոլոր հնարավորությունները, որպեսզի Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման մեղավորները պարզվեն եւ կրեն իրենց արժանի պատիժը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ նենգ ահաբեկչական գործողությունը։ Խստորեն պահանջում ենք, որ Իրանի կողմից ահաբեկչական հարձակում գործած անձինք, ինչպես նաեւ այդ արյունալի արարքի պատվիրատուները հնարավորինս շուտ հայտնաբերվեն եւ խստագույնս պատժվեն»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ում նշել են, որ Իրանը՝ որպես երկիր, որտեղ գտնվում է դեսպանատունը, պետք է կատարեր դեսպանատան եւ նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները, ինչպես սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով:
Բացի այդ, գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «նախկինում եւս Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությանը սպառնալու փորձեր են ձեռնարկվել, եւ Իրանի առջեւ մշտապես բարձրացվել է նման իրավիճակները կանխելու եւ դիվանագիտական առաքելության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության հարցը»։
«Ցավոք, այսօրվա արյունալի ահաբեկչական հարձակումը ցույց է տալիս լուրջ հետեւանքներ այն բանի, որ պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվել մեր համառ կոչերին։ Մենք կարծում ենք, որ վերջերս Իրանում մեր երկրի դեմ հակաադրբեջանական արշավը նպաստել է մեր դիվանագիտական առաքելության վրա նման հարձակումներին»,-ընդգծել են ԱԳՆ-ում։
«Նախատեսվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել դեսպանատան աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների տարհանման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: