«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

03 մար 2023 13:55

«Ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր». Արցախի պետնախարարը կոչով դիմել է Արցախի երիտասարդությանը

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին՝ կոչ անելով ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և իրենց նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը:

Կոչում ասվում է. «Հարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։


Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։


Իհարկե պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտություն է։


Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդությանը, ուսանողությանը.


Խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։


Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։


Սպասում ենք ձեր արձագանքներին։


Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ պետական նախարարի աշխատակազմ՝ (047) 95 10 55 հեռախոսահամարով կամ գրել jipdjian@gmail.com էլ.հասցեին:


Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը` անցնելով հետևյալ հղմամբ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր