Վոլկովին կփոխարինի Ալեքսանդր Լենցովը, ով ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի, հրահանգված է զսպել ադրբեջանական աճող ագրեսիան.«Հրապարակ»
Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովին՝ նրան փոխարինելով այլ անձով։ Նոր հրամանատարն Ալեքսանդր Լենցովն է` կոչումով գեներալ-գնդապետ, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա 67 տարեկան է, Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել մինչեւ 2020 թվականը, մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին: Իսկ 2020-ին նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական, Շոյգուի ամենավստահելի անձանցից է:
Նա գալիս է տարածաշրջան, այսպես ասած, վիճակը կարգավորելու։ Այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։ Նոր հրամանատարին, մեր տեղեկություններով, հրահանգված է զսպել ադրբեջանական աճող ագրեսիան եւ վերահսկողությունը կրկին վերցնել իր ձեռքը։ Ռուսական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ նոր հրամանատարին ասվել է, որ ՌԴ-ի համար կարմիր գիծ է Արցախի ճանապարհի բնականոն գործելը, եւ ճանապարհին դրվող անցակետը պետք է բացառապես ռուսական զինուժի կողմից վերահսկվի։
Արցախից մենք տեղեկացանք, որ Անդրեյ Վոլկովն արդեն պատրաստվում է մեկնել։ Ալեքսանդր Լենցովն արդեն ժամանել է Արցախ։
«Հրապարակ օրաթերթ»