Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 մայիս 2023 13:49

ՀՀ-ի թուլացումն, ի վերջո, հանգեցնելու է նաև ՌԴ-ի դիրքերի թուլացման.Մոսկվայում դեռևս ամենայն լրջությամբ չեն գնահատում պահի լրջությունը

Աշխարհակարգի ակտիվ փոփոխության պայմաններում աշխարհաքաղաքական կենտրոնները համառ պայքարի և դիմակայության մեջ են, ինչը դրսևորվում է դաշինքների ստեղծմամբ կամ ընդլայնմամբ, ռազմական բախումներով (ինչպես, օրինակ՝ Ուկրաինայում), տնտեսական պատժամիջոցներով ու սահմանափակումներով։ Փորձագետները նշում են, թե աշխարհն անցում է կատարում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, սակայն դեռևս պարզ չէ, թե այն կոնկրետ ինչպիսի տեսք կունենա։ Իսկ ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաև որոշակի տարածաշրջանային դերակատարներ ու առաջ մղել իրենց ամբիցիոզ նախագծերը։ Այդպիսի պետություններից մեկը Թուրքիան է, որը ձգտում է վերակենդանացնել ու կյանքի կոչել «Մեծ Թուրանի» ստեղծման իր վաղեմի նախագծերը։ Եվ դրա շուրջ պլանները ենթադրում են Թուրքիայի ակտիվ ներգրավվածություն առաջին հերթին Հարավայի Կովկասում։




Իսկ Հայաստանը դիտարկվում է որպես խոչընդոտ թուրքական ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին։ 2020 թվականի Արցախյան պատերազմի ելքն առաջին հերթին պայմանավորված էր ռազմական գործողություններում թուրքական ակտիվ դերակատարությամբ։ Մյուս կողմից՝ նորություն չէ, որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում հակահայկական տրամադրություններ են գեներացվում։ Իսկ որոշ դեպքերում հայատյացությունը նույնիսկ հոգեխանգարմունքի աստիճանի է հասնում։ Ալիևը փորձում է իր բռնապետական ռեժիմը պահպանել հենց հայերի նկատմամբ ատելության հողի վրա։ Ուստի, բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայ հանրության կողմից դիտարկվում են որպես Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք։ Սակայն հետաքրքիր է, որ IRI-ի՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնած հետազոտության արդյունքում պարզվում է, որ հարցվածների 24 տոկոսի կարծիքով, Ռուսաստանն է քաղաքական սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար։


Ու սա այն դեպքում, երբ Ռուսաստանը ավանդականորեն համարվել է Հայաստանի անվտանգային պատվարն ընդդեմ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների։ Մի քանի տարի առաջ նույնիսկ դժվար էր կանխատեսել, որ հանրային տրամադրությունների նման պատկեր կարող է գրանցվել։ Միևնույն ժամանակ, արժե նկատել, որ IRI-ի կողմից հարցվածները Հայաստանի համար որպես քաղաքական գործընկեր Ռուսաստանից կարևոր համարել են Ֆրանսիան, Իրանն ու Միացյալ Նահանգները։ Այսպիսի պատկեր ևս նախկինում դժվար էր պատկերացնել, քանի որ ՀՀ անկախությունից ի վեր Ռուսաստանը դիտարկվել է որպես Հայաստանի ամենաառանցքային գործընկերը։ Փաստացի, Ռուսաստանի վերաբերյալ պատկերացումների փոփոխություն է տեղի ունեցել ու շարունակում է տեղի ունենալ։ Իսկ այդ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Նախ՝ Ռուսաստանը, իր հիմնական ջանքերը կենտրոնացնելով Ուկրաինայի ուղղությամբ, բավարար ջանքեր չի գործադրում Հարավային Կովկասում իր հիմնական դաշնակից Հայաստանին օգնելու ուղղությամբ, ինչը բխում է նաև ռուսական շահերից։


Չէ՞ որ Հայաստանի թուլացումն, ի վերջո, հանգեցնելու է նաև Ռուսաստանի դիրքերի թուլացման, իսկ երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղման։ Սակայն Մոսկվայում դեռևս ամենայն լրջությամբ չեն գնահատում պահի լրջությունը, կամ «ժամանակ չունեն» գնահատելու և, կուլ գնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ կարողանում են որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածությունների գալ, կրավորական կեցվածք են ցուցաբերում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերում։ Դրա արդյունքում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և նույնիսկ անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում, սակայն ռուսական կողմը, բացի դրանք արձանագրելուց, ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում։


Եթե Ռուսաստանն ընդունակ չլինի համարժեք արձագանք տալ Ադրբեջանին, ապա առաջիկայում էլ Ադրբեջանը կարող է պահանջել, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, ինչը հենց Ադրբեջանի ցանկությունն է։ Բնականաբար, հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների ընդլայնման համար պայմաններ են ստեղծում նաև ՀՀ իշխանությունները։ Չնայած նրանք իրենց ոչ ադեկվատ քայլերով իջեցրել են հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, սակայն դա չի խանգարում, որ մեղադրանքներ հղեն Ռուսաստանին, իսկ իրենք, մի կողմ քաշվելով, ներկա իրավիճակի պատասխանատվությունը թողնեն ռուսական կողմի վրա։


Միգուցե ՀՀ իշխանությունները փորձում են դրանով նաև որոշակի ուղերձներ հղել Արևմուտքին, որը համընկնում է արևմտյան պետությունների՝ Հարավային Կովկասում ակտիվանալու ցանկության հետ։ Արդյունքում Արևմուտքին հաջողվում է հանրության շրջանում դրական մոտեցումներ ձևավորել իր վարած քաղաքականության վերաբերյալ։ Մյուս կողմից էլ դրական վերաբերմունքի ամրապնդում է նկատվում հարևան Իրանի հետ գործընկերության հարցով, քանի որ այդ երկիրը հայտարարում է, թե անընդունելի է համարում Իրանը Հայաստանին կապող ճանապարհի կտրումը և հարկ եղած դեպքում պատրաստ է նաև այդ ուղղությամբ գործողությունների դիմել։ Փաստացի, ստացվում է, որ միջազգային այլ դերակատարների ակտիվությանը զուգահեռ Հայաստանում նվազում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հեղինակությունը։ Իսկ հանրային տրամադրությունները կարող են հիմք դառնալ հետագայում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու համար։






 «Փաստ» օրաթերթ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր