Ասել եմ՝ նստեք ձեր տեղը, որովհետև в этой гостинице я хозяин, ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից:
Նրա խոսքով, «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Սարգսյանը ամբիոնից հայտարարեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը տղամարդկություն չունի. «Երեւի դա բավարար չէր, ամբիոնից իջնելիս նայեց Արմեն Դանիելյանի կողմը եւ ասաց, Նայիր աչքերիս մեջ»: Ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց: Ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը եւ դիտողություն արեցի: Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ ասել եք՝ «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքեց. «Դա հետո, երեւի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:
Լրագրողների դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանն անցավ ռուսերեի. «Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»:
Ասենք, որ Ազգային ժողովի դահլիճում կրքերը թեժացան այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը դիմելով դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, ասաց, որ 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն: «Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- հավելել է նա: Իսկ ելույթից հետո էլ ասաց. «Նայեք իմ աչքերի մեջ», որից հետո իրավիճակը լարվեց:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Արթուր Սարգսյանին ասաց. «Վեր ընկի տեղդ»:
«Ո՞նց թե վեր ընկի տեղդ, դու ով ես, որ ինձ ասես՝ վեր ընկի տեղդ. Դու ոնց կարաս ինձ հետ տենց խոսաս»,- արդեն գոռալով ասաց Արթուր Սարգսյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:
Ալեն Սիմոնյանը նաեւ դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին. «Պարոն Օհանյան, ուզում եմ հասկանալ՝ դու տիրապետո՞ւմ եք իրավիճակին, թե ոչ: Ես դա չեմ տեսնում: կարգի հրավիրեք ձեր պատգամավորին»:
Օհանյանը պատասխանեց. «Տիրապետում ենք իրավիճակին: Դուք շատ բան չեք տեսնում»:
Իր հերթին «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը բղավեց. «Դուք կարգի հրավիրեք ձեր պատգամավորին: Կարգին խոսա»:
Երբ անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում Արթուր Սարգսյանին, քաշքշուկ սկսվեց, քանի որ մյուս պատգամավորները փորձում էին խոչընդոտել: Արթուր Սարգսյանը բղավեց. «Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, հենց իր անդաստիարակությունն էր, բոլոր իշխանություններին քծնելու ցանկությունն էր»:
Արդեն նիստերի դահլիճից դուրս թեթեւ քաշքշուկ սկսվեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: Մյուս պատգամավորները փորձում էին բաժանել ու պատնեշ ստեղծել նրանց միջեւ: