Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից    

03 հուն 2023 11:09

Դիլիջանի քրեական հետախուզության պետի կողմից ծեծի ենթարկված անչափահաս տղան առ այսօր ինքնամփոփ է, չի շփվում, վախեր ունի

ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթմազյանը Դիլիջանի հյուրանոցում հարձակվել և ծեծի է ենթարկել 16-ամյա մատուցողին, երբ վերջինս հայտնել է, որ հյուրանոցում սենյակ ամրագրելու համար պետք է կանխավճար թողնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժող Արամ Ամիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Սասուն Ռաֆաելյանը։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սասուն Ռաֆաելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 23.30-ի սահմաններում, երբ իր վստահորդը, գտնվելով աշխատավայրում, նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանվել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ավտոմեքենա, ինչից հետո վարորդը իջել է ավտոմեքենայից, մոտեցել տղային՝ տուժողին, խնդրել, որ իրեն տրամադրեն սենյակ, ցանկացել է հյուրանոցային համալիրում գիշերել

«Իմ վստահորդի կողմից, բնականաբար, որևէ առարկություն չի ներկայացվել, ուղղակի խնդրանք է ներկայացվել,որ նախապես վճարում կատարվի, ինչից ոստիկանության աշխատակիցը բորբոքվել է և հարձակվել Արամ Ամիրյանի վրա, սկսել հարվածներ հասցնել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչից հետո Ամիրյանը մի կերպ ուղղակի կարողացել է դիմել փախուստի»,- հայտնեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ հրապարակված կադրերում երևում է, որ դեպքին ականատես է նաև տղամարդ, որը փաստացի չի միջամտում՝ անչափահասին օգնություն տրամադրելու համար, Ռաֆաելյանն արձագանքեց՝ նշելով, որ հիշյալ անձի հետ որևէ խոսակցություն չի ունեցել, հավանաբար, վախեցել է։

«Եթե դատենք տուժողի տեսքից, ապա վերջինս փորձում է ընդամենը պաշտպանվել, անգամ չի փորձում հարվածել ինքնապաշտպանության նպատակով, ընդամենը պաշտպանվում է և հնարավորության դեպքում դիմում փախուստի»,-նշեց Ռաֆաելյանը։

Նրա խոսքով՝ դեպքից հետո անձն առ այսօր դարձել է ինքնամփոփ, չի շփվում այլ անձանց հետ, վախեր է առաջացել։ «Հաշվի առնենք, որ անձն ընդամենը 16 տարեկան է և, բնականաբար, լավ օրից չէ, որ 16 տարեկանում որոշել է մատուցող աշխատել։ Այսինքն՝ ունեցել է գումարի կարիք, 16 տարեկանում եկել է աշխատելու և բռնության ենթարկվել՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից»,- ասաց տուժողի ներկայացուցիչը։
Դեպքի ժամանակ տուժողը չգիտեր, որ իրեն բռնության ենթարկողը ոստիկանության պաշտոնյա է, փաստաբանը հայտնում է, որ նախկինում երբևէ առնչություն չի ունեցել, դեպքի ժամանակ էլ՝ պաշտոնյան չի ներկայացել։

Տուժողի և Արսեն Ղայթմազյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Տուժողի մասնակցությամբ միայն մեկ քննչական գործողություն է եղել, տուժողի դատավարական կարգավիճակով տրված ցուցմունքում նա պնդել է բողոքը, պահանջել, որ անձը ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչից հետո փաստաբանը զանգ է ստացել քննիչից, որը նշել է, որ գործի վարույթը կարճում են՝ գործուն զղջալու հիմքով։ Սասուն Ռաֆաելյանը հայտնում է, որ որոշումը ստանալուց հետո պատրաստվում են բողոք ներկայացնել, քանի որ այստեղ խոսք գնալ չի կարող գործուն զղջալու մասին։
«Այսինքն, ինչ է ստացվում՝ անձը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բռնության է ենթարկում 16 տարեկան երեխային, հետո ասում՝ կներեք, սխալվել եմ ու ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Դա խնդրահարույց է մեզ համար»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է դատախազի կողմից՝ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը վերացնելուն, ապա դա փաստաբանը պայմանավորում է բարձրացված աղմուկով և չի բացառում, որ վարույթն իրականացնող մարմնին դատախազը ցուցում տա՝վերաորակելու և քրեական հետապնդում իրականացնել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), ոչ թե՝ ֆիզիկական ներգործության։ Փաստաբանը ևս գտնում է, որ ճիշտ որակում չի եղել։
***
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր