Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

27 հուն 2023 16:21

20 տարիների ընթացքում առաջին անգամ Պուտինի հզորությունը մազից կախված վիճակում էր հայտնվել. ի վերջո, կանգնեցրեց Պրիգոժինին, բայց թանկ գնով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման 20 տարիների ընթացքում առաջին անգամ նրա հզորությունը մազից կախված վիճակում էր հայտնվել այս շաբաթվա վերջին, գրում է AP-ն։ Եվ չնայած ապստամբ ուժերը, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա, հետ դարձան, Պուտինը կպայքարի երբեմնի լիակատար վերահսկողություն ունեցող ղեկավարի կերպարը վերադարձնելու համար։
 
Սա նրա կառավարման համար երկրի ներսում հետագա մարտահրավերներ կարող է առաջացնել ու թուլացնել Ուկրաինայի պատերազմում ՌԴ ձեռքը։ Տպավորիչ հեշտությամբ և Ռուսաստանի պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու հայտարարված նպատակով՝ Եվգենի Պրիգոժինի վագներական զորքերը ներխուժեցին Դոնի Ռոստով՝ 1,1 միլիոնանոց քաղաք և գրավեցին այնտեղ գտնվող ռազմական շտաբը: Այնուհետև նրանք շարունակեցին շարժվել հարյուրավոր կիլոմետրեր հյուսիս՝ կայծակնային երթով դեպի մայրաքաղաք՝ չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության: Ոմանք նույնիսկ ոգևորվել էին, քանի որ Պրիգոժինը որպես կոռումպացված և ապաշնորհ վերնախավի թշնամի էր ներկայանում: «Այս ամբողջ դրվագը իսկապես խորը անհանգստություն է սերմանել ՌԴ էլիտաների շրջանում», – ասում է Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Նայջել Գուլդ-Դեյվիսը: Ռուսաստանի առաջնորդի երբեմնի հովանավորյալի գործողությունները «լրջորեն խաթարել են Պուտինի հանդեպ վստահությունը նրա շրջապատում կարևոր մարդկանց շրջանում»: Մի քանի ժամվա ընթացքում Կրեմլն անզոր էր թվում, երբ Վագների ավտոշարասյունները շրջում էին Ռուսաստանով, երբեմն ջարդում ճանապարհի արգելապատնեշները և խոցում ուղղաթիռները, որոնք ուղարկվում էին զինվորականների կողմից՝ նրանց կանգնեցնելու հուսահատ փորձով:
 
Թեև Կրեմլը փորձեց գործարքը ներկայացնել որպես իմաստուն քայլ, որն օգնեց խուսափել մոտալուտ արյունահեղությունից, այնուամենայնիվ սա ուշագրավ փոխզիջում էր մի մարդու համար, որն անողոք կերպով ճնշել է այլախոհության ցանկացած նշան և երբեմն դաժանորեն լռեցրել թշնամիներին, որոնք համարձակվում են քննադատել իրեն:
 
Պրիգոժինի արագ ներումը հակադրվում է այլախոհների և ուկրաինական պատերազմի քննադատների նկատմամբ Կրեմլի մեթոդական ճնշումներին, ովքեր ենթարկվում են հետապնդման, բռնի աքսորի կամ նույնիսկ՝ բռնի մահվան: Պուտինյան Ռուսաստանում շատերի համար նրա ապստամբությունը աններելի թուլության նշան էր:
 
«Պրիգոժինը ցույց տվեց, որ հնարավոր է անպատիժ գրավել միլիոնանոց քաղաքը, պահանջներ ներկայացնել երկրի ղեկավարությանը, հրաժարվել նրա հրամանները կատարելուց և ռազմական երթ կազմակերպել դեպի Մոսկվա՝ ճանապարհին սպանելով ռուս զինվորներին», – ասում է թոշակառու Վիկտոր Ալքսնիսը՝ Խորհրդային ռազմաօդային ուժերի գնդապետ և ՌԴ ներկայիս իշխանությունների կոշտ քննադատ:
 
«Ռուսաստանը մեկ քայլով մոտեցել է իր վերջնական և անուղղելի փլուզմանը»։ Քաղաքական վերլուծաբան Կիրիլ Ռոգովը, որը երկար ժամանակ ուսումնասիրել է Պուտինի քաղաքականությունը, նկատել է, որ խնդիրը Ռուսաստանի նախագահի կողմից է ստեղծվել. նա հանդուրժեց Պրիգոժինի վիճաբանությունը բարձրագույն զինվորականների հետ՝ որպես Ուկրաինայում ռազմական կոպիտ սխալների մեղքը բարդելու իր ռազմավարության մաս ու հանդուրժեց վերնախավի անդամներին խաղը միմյանց դեմ՝ ակնհայտ համոզմունքով, որ նա կարող է լիովին վերահսկել Պրիգոժինին:
 
«Գոլեմի ստեղծողը միշտ մտածում է, որ կարող է կանգնեցնել նրան, և դա իրեն ավելի համոզիչ տեսք է տալիս՝ ուրիշներին վախեցնելու համար», – գրել է Ռոգովը մեկնաբանության մեջ՝ նկատի ունենալով հրեական բանահյուսության մեջ կենդանացած կավե արարածին։ Պուտինն, ի վերջ, կանգնեցրեց Պրիգոժինին, բայց թանկ գնով, ամփոփում է հոդվածագիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր