ՀՀ դրոշին հարգանքով մոտենանք.Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով նախատեսվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացումը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեւորմանը եւ դրա նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացմամբ սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում:
Զեկուցողի խոսքով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձինք՝ 70.000-100.000 դրամի չափով:
Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով հստակեցվում է նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների շրջանակը: Լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը՝ Վարչական դատարանի փոխարեն:
Զեկուցողն ընդգծել է, որ Կառավարությունն առաջարկել է նախագծի վերնագրում որոշակի փոփոխություն կատարել:
Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: Նշվել է, որ ներքին կանոնները չպահպանելը կհանգեցնի կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: