Վիրաբույժը լեղապարկի փոխարեն հեռացրել է հիվանդի առողջ արգանդը
Հնդկաստանում վիրաբույժը հեռացրել է պացիենտի առողջ արգանդը (չնայած դրա համար նշաններ չկային) լեղապարկի փոխարեն։ Դեպքը տեղի է ունեցել 2020թ., տեղեկացրել է The Times of India-ն։
Վիրաբույժ Փրավին Թիվարիին է դիմել 26-ամյա Ուշա Մաուրյան՝ որովայնի շրջանում ունեցած սուր ցավի պատճառով։ Բժիշկն ախտորոշել է լեղապարկի քարեր, ինչից հետո վիրահատություն է կատարել։ Մաուրյային հիվանդանոցից դուրս են գրել մի քանի օր անց։ Նշվել է, որ վիրահատությունից անմիջապես հետո աղջիկն իրեն թեթեւացած է զգացել եւ այլեւս չի տառապել ցավից։
Երեք տարի անց Մաուրյան նորից սուր ցավ է զգացել որովայնում։ Աղջիկը դեղ է ընդունել եւ փորին ջեռակ է դրել, սակայն ցավը շարունակել է ուժեղանալ։ Երբ նա դիմել է բուժհաստատություն, բժիշկները հայտնաբերել են, որ լեղապարկը, որը պետք է հեռացված լիներ, տեղում էր։ Դրա փոխարեն հեռացվել էր նրա արգանդը։ Ցնցված աղջիկը գնացել է վիրաբույժի մոտ եւ բացատրություն պահանջել՝ նրան ներկայացնելով բուժզննման արդյունքները։ Ի պատասխան՝ Թիվարին սկսել է սպառնալ նրան։
Մաուրյան դիմել է ոստիկանություն։ Դատարանի որոշմամբ Թիվարիին ձերբակալել են եւ մեղադրել պացիենտի առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ անձին վիրավորելու համար։ Գործի հետաքննությունը շարունակվում է։