ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ          Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»       Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով    

02 հոկ 2018 13:00

Էրեբունի հիվանդանոցում վիրահատությունից հետո հիվանդը արյան վարակ է ստացել ու մահացել.բազմաթիվ բարձրորակ մասնագետներ են հեռանում

Էրեբունի հիվանդանոցում վիրահատությունից հետո հիվանդը արյան վարակ է ստացել ու մահացել.բազմաթիվ բարձրորակ մասնագետներ են հեռանումԷրեբունի հիվանդանոցում նախօրեին մահվան դեպք է գրանցվել լեղապարկի հեռացման հետվիրահատական բարդության հետևանքով: 60-ամյա Անդրանիկ Անտոնյանի հարազատները պնդում են, որ նա բժիշկներիանփութության և անտարբերության զոհն է դարձել: Սեպտեմբերի 18-ի կեսօրին Անդրանիկ Անտոնյանին հարազատները Հրազդանի հիվանդանոցից տեղափոխում են Էրեբունի բուժկենտրոն՝ սուր ցավերով: Հիվանդը հոսպիտալացվում է սրտի բաժանմունմունքում, որտեղ նրան մինչև գիշերվա ժամը 23-ը հետազոտում են, որից հետո տեղեկացնում, որ հիվանդը սրտի հետ կապված խնդիրներ չունի՝ նրա ցավերի պատճառն ամենայն հավանականությամբ լեղապարկի բորբոքումն է: Կնոջ՝ Կարինե Հովասափյանի պատմելով՝ մոտավորոպես կեսգիշերի մոտ ամուսնուն տեղափոխում են 8-րդ հարկ և ասում, որ նրա լեղապարկում քար կա, ունի նաև բորբոքում, ուստի անհրաժեշտ է վիրահատություն անել: Հարազատները, սակայն, առաջարկում են, բժիշկն էլ համաձայնվում է վիրահատությունը հետաձգել առավոտյան, իսկ գիշերը ցավազրկել հիվանդին, որ ցավեր չունենա.  «Գիշերը մոտավորապես ժամը 1:30-ի կողմերը, երբ արդեն մնացած բոլոր հարազատները գնացել էին, և մնացել էի միայն ես, հիվանդասենյակ մտավ բժիշկը՝ Հրաչյա Ալեքսանյանը, մեկ այլ բժշկի հետ և ասաց, որ ամուսնուս անհապաղ պետք է վիրահատեն, մինչև առավոտ սպասել չի կարելի: Ամուսինս այդ ընթացքում սուր ցավեր ուներ: Ես ասացի, որ չէի ուզենա, որ այսպես գիշերով վիրահատեն, առավել ևս, որ բժիշկը մեզ ծանոթ չէր, նրա մասնագիտական որակների մասին ինձ ոչինչ հայտնի չէր: Քիչ անց բժիշկն ինձ հրավիրեց իր սենյակ և ասաց, որ կա՛մ պետք է անհապաղ վիրահատություն անել կա՛մ էլ, եթե հրաժարվում եմ վիրահատությունից, ուրեմն պետք է փաստաթուղթ ստորագրեմ, որ բժիշկները ամուսնուս կյանքի համար պատասխանատվություն չեն կրում: Ես չգիտեի ինչ անել, խառնվեցի իրար, նորից պնդեցի, որ չեմ ուզում գիշերով վիրահատեն, բացի այդ՝ մենք ունենք ծանոթ  վիրաբույժ այլ հիվանդանոցում, որը մեզ համար ավելի նախընտրելի է: Բժիշկն ինձ ասաց. «Ի՞նչ տարբերություն՝ գիշե՞ր, թե՞ ցերեկ, համ էլ իմացեք, որ մենք հիվանդի խնդիր չունենք, հենց հիմա 4-5 վիրահատություն ունենք անելու, այնպես չի որ զոռով ուզում ենք վիրահատել»: Զանգեցի հարազատներիս, ու մինչև նրանք կգային, ամուսնուս տարան: Տարբերակ չկար՝ ես ասացի՝ ոնց ճիշտ ա, էդպես արեք»,- լացելով պատմում է տիկին Կարինեն: Լեղապարկի վիրահատությունը ավարտվում է գիշերը ժամը 4-ի կողմերը: Հիվանդին բերում են սենյակ, սակայն նա, կնոջ պնդմամբ, ցավեր ուներ և անընդհատ ասում էր, որ իրեն ավելի վատ է զգում, քան մինչև վիրահատությունը: «Երբ վիրահատությունից հետո ամուսնուս բերեցին սենյակ, բժշկին հարցրեցի՝ ո՞նց անցավ վիրահատությունը: Պատասխանեց՝ ոչի՜նչ էլի, և ասաց, որ առավոտյան գնանք հաշվապահություն և 350 հազար դրամ վճարում կատարենք»:
Սեպտեմբերի 19-ին՝ մինչև  լույս, և ցերեկը՝ ողջ օրվա ընթացքում, հիվանդի ինքնազգացողությունը շատ վատ է եղել: Նա անընդհատ գալարվել է ցավերից, չի կարողացել միզել, փորը սկսել է ուռչել և քարանալ, վերքի մեջ դրված դրենաժի կողքը սկսել է կապտել. «Երևի մի 100 անգամ լացելով գնացել, էդ բժշկին ասել եմ, որ ամուսինս շատ վատ է, որ փորը քարանում է, որ վիրահատությունը չի օգնել նրան, բայց ոչ մի բան չէին անում: Ցավազրկում էին, մոմիկ էին դնում, որ աղիները գործեն»,- պատմում են կինը և մյուս հարազատները: Նրանց խոսքով՝ վիրահատող բժիշկը՝ Հրաչյա Ալեքսանյանը, բաժնի վարիչի հետ մի երկու անգամ եկել նայել է և ասել՝ ոչինչ, կանցնի, լավ կլինի: Բայց ցավերը գնալով ավելի են սաստկացել, դրենաժի կողքը այտուցվել ու կապտել է: Հիվանդի հարազատները ինչ-որ ծանոթ մարդ են գտել, որ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների մասին տեղեկացրել է հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին / նա հիվանդանոցի սեփականտեր Հարություն Քուշկյանի փեսան է/:
Արդեն  հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, առավոտյան Մանուկյանն անձամբ գալիս է հիվանդասենյակ, հրավիրում է նաև այլ բժիշկների և Անդրանիկ Անտոնյանին շտապ երկրորդ վիրահատության են ենթարկում՝ փաստորեն լեղապարկի հեռացման վիրահատությունից մոտ 32 ժամ անց: Երկրորդ վիրահատությունից հետո բժիշկները հարազատներին ասում են, որ լեղապարկի հեռացումից հետո հիվանդի մոտ՝ տասներկումատնյա աղիում առաջացել է ստրես խոց, որը պայթել է ու լցվել մաշկի տակ, այդ պատճառով նրա մոտ զարգացել է սեպսիս՝ արյան վարակ:
Երկրորդ վիրահատությունից հետո՝ մոտ 10 օր Անդրանիկ Անտոնյանը շատ ծանր վիճակում գտնվում էր Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նրա կյանքի և մահվան կռիվը ի վերջո հոկտեմբերի 1-ին՝ գիշերը ժամը 22: 40-ի կողմերը, ավարտվեց մահով: Այս 10 օրերի ընթացքում Անդրանիկ Անտոնյանի հարազատները ամեն օր մի քանի անգամ հանդիպել են բժիշկների հետ, քննարկել հիվանդի վիճակը: Նրանք փաստում են, որ բժիշկները երկրորդ վիրահատությունից հետո արել են ամեն ինչ՝ հիվանդի կյանքը փրկելու համար, դիալիզի ապարատ են միացրել, անհրաժեշտ դեղորայք տվել, և այդ ամենի համար հարազատներից գումար չեն վերցրել: Բայց  հարազատները նաև համոզված են՝ արյան վարակի պատճառը լեղապարկի անհաջող վիրահատությունն է եղել և, որ ավելի վատ է, անտարբերությունը կամ անփութությունը:  Փաստորեն, ավելի քան 32 ժամ հիվանդի ինքնազգացողությունը  ծայրահեղ վատ է եղել, նրա մոտ սեպսիս է զարգացել, իսկ բժիշկները դա չեն նկատել և քայլեր չեն ձեռնարկել:  Հարազատները հակված են դատի տալ բժշկին ու հիվանդանոցին:
Հոկտեմբերի 1-ին՝ Անդրանիկ Անտոնյանի մահվան օրը, լեղապարկի վիկրահատություն իրականացրած բժիշկը՝ Հ. Ալեքսանյանը հեռացվել է աշխատանքից: Այդ մասին մահացած հիվանդի հարազատներին ասել է Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Մ. Մանուկյանը: Երբ մահացածի հարազատները Մ. Մանուկյանին ասել են, որ պատրաստվում են դատի տալ ՝վերջինս նշել է, թե նման դեպքեր էլի են եղել և իրենք դրան պատրաստ են: Թերևս այս հիվանդանոցում  վերջին տարիներին հմտացել են փաստաբաններ վարձելու գործում: Փոխարենը, մեր տեղեկություններով բազմաթիվ բարձրորակ մասնագետներ Էրեբունի ԲԿ-ից հեռանում են :


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր