Հալեպի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել Իսրայելի օդային հարձակման հետևանքով.ՄԱԿ-ը խիստ մտահոգված է
ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Հալեպի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածներով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Երկուշաբթի առավոտյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել Իսրայելի օդային հարձակման հետևանքով:
«Դա հանգեցրել է օդանավակայանի փակմանը եւ ՄԱԿ-ի մարդասիրական ծառայության առնվազն մեկ չվերթի չեղարկմանը։ Հալեպն այս առումով չափազանց կարևոր տարանցիկ կետ է», - ասել է Դյուժարիկը։
«Մենք խիստ մտահոգված ենք այդ ավիահարվածներով, որոնց մասին հաղորդվում է։ Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտում է բռնությունը Սիրիայում և կոչ է անում կողմերին կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում: Խաղաղ քաղաքացիները և քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պաշտպանված լինեն», - հավելել է նա։
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում հետագա էսկալացիա թույլ չտալու համար: