Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար    

31 օգոս 2023 13:30

Ալիևի հրեշավոր պլանի զարգացման սցենարներից մեկն է՝ ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։

Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի հունիսի 6-ի և փետրվարի կայացված որոշումներով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները և երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

«Դատարանը նշել է, որ իր որոշումները պարտադիր իրավական ուժ են առաջացնում Ադրբեջանի համար։ Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորումն է, որովհետև նման քաղաքականություն իրագործող գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը»,- նկատեց նա։

Այդ պատճառով, ըստ վարչապետի, պետք է անհոգնել առաջ մղել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է։

«Բոլոր առումներով առաջնային խնդիրը մնում է ԼՂ հրատապ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը, և այս թեմայով մենք կշարունակենք մեր ամենօրյա աշխատանքը»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:
«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր: Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից կայանած հումանիտար շարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ»:

Վարչապետը նկատեց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Ըստ նրա՝ այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքը ազատել հայերից:

«Այս հրեշավոր պլանի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է. Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը, ցեղասպանության, հայրենազրկման քաղաքականությունը տեղի է ունենում 21 դարում միջազգային հանրության աչքի առաջ: Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, հակառակ դեպքում Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է գործընթացը»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ուղեկցում էր 10 բեռնատարից բաղկացած շարասյունը:

Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր