Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 սեպ 2023 17:28

Տեսանյութ.Համազգային զորաշարժի կոչ ենք անում, հայությունը պետք է ոտքի ելնի. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել ուղերձով․

«Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման:

Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների առջև զիջումներ արեցինք, վարեցինք բանակցություններ, արեցիքն հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտ ու հեռու բարեկամների դռները: Սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ: Ո՛չ ոք գործնականում չկիսեց մեր մտահոգությունները և զորակից չեղավ մեր իրավունքներին: Մյուս կողմից, արյունարբու թշնամին առավել կատաղի շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ, զենքով, թե քարոզչությամբ, հայկական հողերի վրա, թե աշխարհում՝ դառնալով ավելի անգութ ու հարձակողապաշտ:

Թուրքիան ու Իսրայելը շարունակեցին իրենց ամբողջական զորակցությունը իրենց դաշնակից ու բարեկամ Ադրբեջանին:

Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թուրք քաղաքագետները ու հրեա կրոնավորները անվերապահորեն պաշտպանեցին Ադրբեջանի ցեղապաշտ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի դեմ, նույնիսկ դատապարտելով «ցեղասպանություն» բառի գործածությունը, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած մեր ժողովրդի կողմիվ:

Միջազգային համայնքը, Միացյալ ազգերի կազմակերպությունից սկսած մինչև Եվրոպական միություն, բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով:

Մինչ այժմ, ոչ մի գործնական քայլ՝ ամիսներ ի վեր շրջափակման ենթարկված ու սովամահ դարձած Արցախի ժողովրդին օգտակար դառնալու համար: Ոչ մի  շոշափելի նախաձեռնություն՝ Արցախի ժողովրդի պատմական ու մարդկային իրավունքները պաշտպանող: Եվ ավելին, Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում իրականացնել Արցախի հարյուր քսան հազար (120,000) անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհին առաջ։

Փաստորեն անպաշտպան ենք ու առանձին:

Չի՛ կարելի այլևս հանդուրժել մեր ժողովրդի դեմ կատարվող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու հարձակումները: Չի՛ կարելի այլևս համակերպվել պարտադրված իրավիճակներին: Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը միջազգային համայնքի պարտավորությունն է և մեր ազգի առաջնահերթությունը։ Եթե այսօր հավերժ կորստյան շեմին գտնվող Արցախը չկարողանանք փրկել, վաղը կարող է Հայաստանը գտնվի նմանօրինակ կացության մեջ: Զգույշ, հազա՛ր անգամ զգույշ...:

Լինենք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ադրբեջանի կողմից արվող զինվորական-քաղաքական հաջորդական քայլերը: Դրանք սերտորեն ուսումնասիրված ու ծրագրված են և համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթին և շատ հավանական է ՝ քաջալերված շրջանի որոշ ուժերի կողմից:

Ո՞ւր ենք մենք: Ի՞նչ ենք անում մենք։ 

Հայաստանը անորոշության և անտարբերության ամպերով է ծածկված, իսկ արյունաքամ դարձած Արցախը ամուր կմնա պատնեշի վրա: Պատի՛վ իրեն: Արցախը մեր ժողովրդի իրավունքների ու Հայաստանի ամբողջականության, անվտանգության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է. պետք է այն ամեն գնով ամուր պահել:

Այժմ, չենք կարող այլևս հանդիսատես մնալ ներկայիս ահավոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացության  առաջ՝ սոսկ տագնապելով ու դատապարտելով: Ժողովուրդն ասում է՝ բաժակը լցված է. դանակը արդեն հասել է ոսկորին։

Հետևաբար, այս պահին Անթիլիասի Մայրավանքից կոչ ենք ուզզում․

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ

Այո՛, համազգային զորաշարժ. այլ ընտրանք չկա:

Սիրելի՛ զավակներ հայ ազգի, այսօր անցյալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ, այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբվենք համազգային այս սրբազան տեսլականի ու հանձնառության շուրջ՝ մեր ազգի ողջ ներուժով: Այս է մեր զորության կռվանը:

Հետևաբար,

Առաջին, պետք է ողջ հայությունը ոտքի ելնի՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, աշխարհի առաջ արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպվի՝ մեր ազգի հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների մասնակցությամբ՝ ճշտելու համար նոր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արդարև, աշխարհաքաղաքական շահերի բախման հորձանուտում, հրամայական է որ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից:

Սիրելի՛ ժողովուրդ հայոց,

Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի, վճռականության ու միության մեջ է: Այլ ճանապարհ չունենք մեր առաջ։ Եկե՛ք միասնաբար քալենք այս ճանապարհով՝ վերանորոգ հավատքով զորացած ու վառ հուսով շաղախված»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր