Մանրամասն՝ Երևանում նոր կառուցվող բարձրահարկ էլիտար շենքում հայտնաբերված 30-ամյա տղամարդու մահվան մասին

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքի բակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Հարթենյանի դին, ով նոր կառուցվող 16 հարկանի շենքի տանիքից վայր է ընկել 2-րդ հարկի կիսակառույց բաց պատշգամբի վրա և տեղում մահացել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանկավել է դիակի դատաբժշկական փորձաքննությունն:Գ. Շամշյանի տեղեկություններով շենքը կառուցում է Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկի եղբայրը և այն լինելու է Վրացական փողոցի մի քանի հասցեներում, որպես բնակելի համալիր:
Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ իրենք լսել են, որ մահացածը տանիքից ընկել է կռանի կողմից անզգուշաբար հարված ստանալու հետևանքով: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: