ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ գործի է դրել միայն փոքր թվով սեփական ուժեր,Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակմանը

Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ, համակարգող ներկայացուցիչ Ալի Բարաքեհը, խոսելով Բեյրութի իր գրասենյակից, մանրամասնել է, որ հարձակումը ծրագրվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ կես տասնյակ բարձրագույն հրամանատարների կողմից, և որ նույնիսկ խմբավորման ամենամոտ դաշնակիցները նախապես տեղեկացված չեն եղել: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել հարձակումը կամ որ հարձակման համար կանաչ լույս են վառել անցյալ շաբաթ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ:
Նա խոստովանել է, որ Իրանը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, սակայն ընդգծել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր ՀԱՄԱՍ-ն ինքն է հրթիռներ արտադրում և մարզում իր մարտիկներին:
Բարաքեհը նաև հերքել է այն ենթադրությունները, թե հարձակումը, որը ծրագրվել էր ավելի քան մեկ տարի, նպատակ ուներ խափանել ԱՄՆ-ի ջանքերը՝ համոզելու Սաուդյան Արաբիային կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ:
Նրա խոսքով՝ հարձակման պատճառն Իսրայելի կոշտ դիրքորոշումն է Պաղեստինի նկատմամբ, ներառյալ ուժեղացված ճնշումը Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների վրա:
Բարաքեհը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ գործի է դրել միայն փոքր թվով սեփական ուժեր: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում 40 հազարանոց բանակից միայն մոտ 2,000 մարտիկ է մասնակցել վերջին մարտերին:
Բարաքեհը, որը տարիներ շարունակ եղել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Լիբանանում և այժմ պատասխանատու է պաղեստինյան այլ խմբավորումների հետ համակարգման համար, ասել է, որ ՀԱՄԱՍ-ը կօգտագործի հարձակման ժամանակ գերեվարված իսրայելցիներին՝ ապահովելու իսրայելական բանտերում և նաև ԱՄՆ-ում պահվող արաբների ազատ արձակումը:
Բարաքեհն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է երկար պատերազմել Իսրայելի հետ՝ ասելով, որ ունի հրթիռների մեծ զինանոց:
«Մենք լավ ենք պատրաստվել այս պատերազմին և պատրաստ ենք նույնիսկ երկարատև պատերազմի սցենարին»,- հավելել է նա։