Ի աջակցություն պաղեստինցիների ,ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավարն ամբողջ մուսուլմանական աշխարհին կոչ է արել ցույցեր կազմակերպել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նախկին ղեկավար Խալեդ Մեշալը կոչ է արել ի աջակցություն պաղեստինցիների ուրբաթ օրը բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ մուսուլմանական աշխարհում: Բացի այդ, նա հարևան երկրների ժողովուրդներին կոչ է արել միանալ Իսրայելի դեմ պայքարին, հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է ուրբաթ օրը շարժվենք դեպի արաբական և իսլամական աշխարհի հրապարակներ և փողոցներ», - ասել է Մեշալը, որը ներկայումս ղեկավարում է ՀԱՄԱՍ-ի սփյուռքի գրասենյակը:
Մեշալը, որը գտնվում է Կատարում, ընդգծել է, որ Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի կառավարություններն ու ժողովուրդները ավելի մեծ պարտականություն ունեն աջակցելու պաղեստինցիներին:
Շաբաթ օրը Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալները անականկալ հարձակվել են հարավային Իսրայելի որոշ հատվածների վրա, ինչը դարձել է Իսրայելի պատմության մեջ պաղեստինյան զինյալների ամենամահաբեր հարձակումը:
Հավելենք, որ հարձակման հետևանքով Իսրայելի մարդկային կորուստները գերազանցել են 1,200-ը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը: Վերջինս մանրամասնել է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
Մինչդեռ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 950-ը, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Հայտնի է, որ զոհերի մեջ կան երկու հարյուից ավելի երեխաներ: