Գնդակահարել է փախուստի փորձի ժամանակ.Սպանված ադրբեջանցի 14-ամյա աղջկա ընտանիքը մեղադրվում է վաղ ամուսնությանը մեղսակից լինելու մեջ
Վրաստանի դատարանը հոկտեմբերի սկզբին սպանված ադրբեջանցի 14-ամյա Այթաջ Շախմարովայի մորն ու հորեղբորը մեղադրել է անչափահասի հարկադիր ամուսնության մեջ, գրում է Oc media-ն։
Վրացական լրատվամիջոցները ուրբաթ օրը հայտնել են, որ դեպքից երկու ամիս առաջ անչափահասին առևանգել էին, և հարկադրաբար նրա հետ ամուսնացել էր 27-ամյա Ասիմ Ասլանովը, որն էլ հոկտեմբերի 6-ին գնդակահարել է Այթաջին փախուստի փորձի ժամանակ:
Ոստիկանությունը չորս օր խուզարկությունից հետո ձերբակալել է Ասիմ Ասլանովին՝ Թելավիի շրջանային դատարանի կողմից Ասլանովին հեռակա մեղադրանք առաջադրելուց մեկ օր անց։ Ասլանովը դատարանում ընդունել է աղջկա սպանության մեղադրանքը, սակայն հայտարարել է, որ զղջում է արարքի համար և այն դիտավորյալ չի արել։
«Ես երբեք զենքի հետ գործ չեմ ունեցել, կարծում էի, որ միայն կվիրավորեմ, և երբ տեսա արյունը, վախեցա և փախա։ Ես կարծում էի, որ ատրճանակը օդաճնշական է և միայն ձայն է հանում։ Ես նույնիսկ զենք կրել չգիտեմ, երբեք չեմ ունեցել»,-ադրբեջաներեն ասել է Ասլանովը:
Նա հավելել է, որ ինքը ավելի վաղ ընկել է ձիուց և վնասել գլուխը, ուստի «գիտակից չէր», երբ հարձակվեց Շախմարովայի վրա։ Նա չի նշել, թե որտեղից է ձեռք բերել զենքը։ Ասլանովը անցնում է ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության գործով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է կա՛մ 16-20 տարվա, կա՛մ ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ Ռուսթավիի շրջանային դատարանը մեղադրել է անչափահասի մորն ու հորեղբորը, որոնց սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։ Pirveli հեռուստատեսությունը հայտնել է, որ Շախմարովայի հայրը, որը արտասահմանում էր, նույնպես ժամանել է հարցաքննության։