ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 հոկ 2023 23:36

Աշխարհի համար մարդկային տառապանքը ոչինչ է, շահերն են գերադաս, Արցախում կատարվածով մենք սեփական մաշկով բոլորից ավելի լավ և ավելի վաղ հասկացանք

Նոր հակամարտությունն աշխարհում Իսրայել-Գազա հատվածում, որ ֆինանսավորվում է մեծ խաղացողների, ու նախ եւ առաջ Միացյալ Նահանգների կողմից, սահուն վերածվում է շրջակա պետությունների ավելի լայն շրջանակի պատերազմի մեջ ներքաշելու գործողության: Մեկ օր առաջ Իսրայելն, օրինակ, հարվածներ էր հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին: Աշխարհի վերաձեւումը մտել է ամենավայրի ու դաժան առճակատումների փուլ, ու աշխարհաքաղաքականությամբ զբաղվող փորձագետների մեծ մասի կանխատեսմամբ, եթե Իսրայելը ցամաքային գործողությունների գնա Պաղեստինում, հակամարտությունը շատ դաժան ձեւերի կվերածվի, կձգվի տարիներով՝ Մերձավոր Արեւելքի, ինչու չէ՝ նաեւ մեր տարածաշրջանի համար ահավոր հետեւանքներով, որոնք առանձին խոսակցության նյութ են:
 
Պաղեստինի գլխավոր հիվանդանոցներից մեկի հրթիռակոծումը՝ սարսափելի մեծ թվով զոհերով, կարելի է համարել անդառնալիության կետ, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դրած վետոն՝ ռազմական գործողությունները դատապարտելու բանաձեւին, վերահաստատում է այդ տեսակետը:
 Նոյեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա, որը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա եւ բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ՝ հայտարարելով, որ այն չի պարունակում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին ձեւակերպումներ: Չգիտենք՝ այդ բանաձեւի ընդունումը կբերե՞ր գոնե ժամանակավոր զինադադարի, սակայն փաստն ինքնին խոսուն է՝ հանուն դաշնակցային եւ տնտեսական գերակայությունների թույլատրել այսպիսի դաժանություններ տեխնոլոգիակա՜ն, լուսավո՜ր, գլխապտույտ զարգացման հասած, տոլերանտ կոչվող, քվանտային դռներով մտած աշխարհում:
 
Այո, աշխարհի համար մարդկային տառապանքը ոչինչ է, շահերն են գերադաս, մենք Արցախում կատարվածով սեփական մաշկով բոլորից ավելի լավ եւ ավելի վաղ հասկացանք դա:
 
Այն կանխատեսումը, թե երեք ամսից հետո ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են ու Բայդենի իսրայելասիրության լիմիտն էլ այդ ժամկետի է՝ հազիվ թե տեղ ունի, քանի որ տնտեսական շահերը մեծ պետությունների համար բոլոր տեսակի ընտրություններից, մարդասիորությունից, բարոյականությունից վեր են: Այնպես որ՝ որեւէ տաք կետում խաղաղության համար քայլերը հազիվ թե գործնական արդյունք արձանագրեն այս ընթացքում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը: Այն, ինչ աշխարհը փորձարկեց Արցախում, մեծ խաղացողների հանքային եւ լոգիստիկ շահերի համար դատարկելով մեր հայրենիքի այդ հատվածը, ավելի արյունոտ եղանակով այժմ տեղափոխվել է Մերձավոր Արեւելք՝ բնականաբար օգտագործելով տեղի ժողովուրդների ազգային ձգտումները:
 
Այս իմաստով մեզ համար կարեւոր է մեր ճիշտ եւ նպատակասլաց պահվածքն այս պահին, քանի որ Պաղեստինի պարտությունը նշանակելու է Իսրայելի դաշնակից Ադրբեջանի նոր հարձակում Հայաստանի վրա: Ընդ որում՝ Մերձավոր Արեւելքում ոչինչ միանշանակ չէ, բարդ է արաբական ողջ աշխարհի եւ նրա մասնավոր հատվածների տրամաբանությունն ընկալել՝ դա խոր իմացություն է պահանջում, որովհետեւ ՀԱՄԱՍ-ը, որը նախահարձակի պատասխանատվությունն է կրում, ճիշտ է՝ պաղեստինցիների մեծ մասի համակրանքն է վայելում, բայց ողջ Պաղեստինը չէ, եւ Իսրայելին կամ Պաղեստինին պաշպանելը զգացական դաշտում ամենեւին էլ ճիշտ մոտեցումը չէ: Մանավանդ՝ այս երկու պետությունները հեռագնա նպատակով անցած դարակեսին ստեղծող մեծ խաղացողները միշտ էլ նրանց իրենց նպատակների համար են օգտագործում: Մենք պետք է մտածենք այս բոլորից մեզ եկող վտանգների կամ միգուցե բռնկված հակամարտությամբ մեզ ընձեռված ժամանակի մասին:
 
Մեր անելիքն այս պահին պետք է լիներ ներքին կոնսենսուսն արտաքին վտանգի դեմ, անելիքների ճշգրտումն ու իրագործումն էլեկտրոնային ճշտությամբ, գոնե մինիմալ ու հստակ ծրագրի առկայություն՝ հերթագայող մի շարք քայլերում: Հավանաբար հարկ չկա նաեւ առանձնապես աչքի ընկնել՝ նկատի ունեմ միջազգային ասպարեզում Հայաստանի աչք խոթվելը (հատկապես նկատի ունենք Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական Խորհրդարանում՝ ինչու քար գլորել դաշնակիցների բոստանն ու հետո ստիպված լինել սրբագրել ասածը), ու մեր անելիքը պետք է անեինք առանց աղմուկ-աղաղակի: Այն է՝ Հայաստանի պաշտպանունակության ամրապնդում եւ Արցախ վերադառնալու քայլերի առաջնահերթությունների ձեւակերպում:
 
Կա՞ն այդպիսի նշաններ, որ Հայաստանում ըմբռնում կա այս արտակարգ իրավիճակում մեր արտակարգ անելիքի մասին: Խոսքը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ինչպես նաեւ հանրային լայն շրջանակների մասին է: Բոլոր այս մակարդակներում էլ առկա է անցյալի, մինչեւ այս պահը եղածի իներցիան՝ նեղ, պատկանելության շահերի սպասարկմամբ, իսկ երկրի հանդեպ ահռելի վտանգի առկայությամբ մտածողության կտրուկ փոփոխություն առայժմ չի նկատվում: Մինչդեռ մի քանի հարթության մեջ, առնվազն, մոտեցումների շրջադարձային փոփոխություններ են պետք.
 
-Դադարել այն թեզերը գեներացնելուց, իբր Ադրբեջան ու ընկ. տասնապատիկ ուժեղ են մեզանից, եւ մենք չենք կարող նրանց դիմադրել. այդպիսի բան չկա, դա պարտության տանող թեզ է, մանավանդ՝ հենց հիմա, Մերձավոր Արեւլքում բռնկված պատերազմը բոլորին է զգուշավոր դարձրել ավելորդ շարժումներից, բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն, այդ թվում՝ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը: Այդ դադարելը պետք է վերաբերի ոչ միայն վերը նշված շրջանակներին, այլ հավասարապես՝ լրատվամիջոցներին, որոնք տրամադրություն եւ հանրային իմունիտետ ձեւավորող են:
 
-Դադարել մանր հակասությունները սրելուց ներքին քաղաքական կյանքում, հանրային խմբերում, կենտրոնանալ արտաքին վտանգի դեպքում՝ երկրի անվտանգությունն ապահովող ծրագրերի վրա:
 
-Դադարել երկատվելուց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այդ երկու ուղղությամբ էլ շահերի համադրումըը պետք է լինի առաջնայինը, ոչ թե հակասությունների սրումը: Ձեզ պահեք ձեր համակրանքներն ու հակակրանքները /էլ ավելի վատթար է՝ գործակալական պարտավորությունները/, քաղաքականությունը մի՛ տեղափոխեք զգացմունքների դաշտ, դա կործանարար է, բոլոր դեպքերում պետք է գործի սառը պրագմատիզմը: Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը՝ հավաքական ու մասնավորեցված Արեւմուտքը, իրե՛նց շահերով են առաջնորդվում, մի տրվեք քաղցր խոստումներին, առաջ մղեք այն մասնագետներին, որոնք ունակ են ռացիոնալ հատիկը գտնել մեր արտաքին քաղաքականության կառուցման, ներքին ռեսուրսների հավաքագրման առումով: Ծիծաղելի է քաղաքական դաշտում եւ լրատվամիջոցներում առկա ռուսական կամ արեւմտյան բաց քարոզչությունը, դրանց հակադրությունը, ազատագրվեք այդ բոլորից եւ գտեք հայկական շահերը սպասարկող ռազմավարության ոսկե միջինը՝ ելնելով միայն հայկական շահի հնարավորինս սպասարկմամբ մոտեցումներից:
 
Այս թեզերը կարելի է շարունակել: Աշխարհն արագորեն մտել է առճակատման նոր փուլ, բոլորն են հայտնվել նոր, ոչ ստանդարտ իրավիճակներում, Հայաստանի քաղաքական-հանրային էլիտան եւս պետք է վերակառուցվի եւ վերափոխվի, պետք է դրսեւորի նոր, ոչ ստանդարտ որակներ, դուրս գա ավանդաբար գծված ձեւաչափերից՝ նոր իրականությանը համապատասխան գործելակերպ ու ռազմավարություն կազմավորելու համար: Ժամանակ չունենք ուշանալու, ուշանալը նոր պարտություն է:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր