Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թույլ չտալու վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ          Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ       Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքի բակում․ կա վիրավոր    

15 նոյ 2023 12:30

Հայաստանին մի ինչ-որ ավելի մեծ բան է սպասվում, եւ Արեւմուտքը քիչ է շահագրգռված որեւէ բան անելու դա կանխելու համար. Ադրբեջանն ու Թուրքիան թիրախավորել են Հայաստանը. American Conservative

Երեւանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաֆայել Լեմկինը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առաջ էր տանում Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի կոնվենցիայի ընդունումը։ Լեմկինը ցեղասպանությունը սահմանել է որպես «խմբի վերացմանն ուղղված՝ կյանքի հիմքերի քայքայման տարբեր գործողությունների կոորդինացված պլան»։

Այն, ինչ պատահեց Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, ցեղասպանության դեպք է, իրականացված Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի կողմից։ Եվ չնայած Գազայի իրադարձությունները Վաշինգտոնում հետին պլան մղեցին այդ իրադարձությունները, անցած շաբաթ Հանրապետական կուսակցության թեկնածու Վիվեկ Ռամասվամին դարձավ նախագահի սակավաթիվ թեկնածուներից մեկը, որն ընդունեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, «հավանաբար, ամենաչգնահատված չարագործությունն է աշխարհում»։

Եվ նա չի սխալվել։ Բայդենի վարչակազմը այդ նորությունն ընդունել է  մի քանի կտրուկ հայտարարություններով, ոչ ավելին։

Այնուամենայնիվ, ինչպես երեւում է, Հայաստանին մի ինչ-որ ավելի մեծ բան է սպասվում, եւ Արեւմուտքը քիչ է շահագրգռված, որպեսզի որեւէ բան անի դա կանխելու համար։

Ալիեւի հաջորդ նպատակը Սյունիքի հայկական մարզն է, որը ցամաքային միջանցք կստեղծի (հայտնի է նաեւ որպես Զանգեզուրի միջանցք), որը կմիացնի Ադրբեջանը Նախիջեւանի հետ, որը սահմանակից է Թուրքիային, եւ այդ կերպ շահեկան կապ կստեղծի երկու դաշնակիցների միջեւ։

Սա չի նշանակում, թե Ադրբեջանը եւ նրա հզոր թուրքական հովանավորը թաքցնում են Հայաստանի տարածք ներխուժման եւ անեքսիայի իրենց պլանը։ 2022թ. դեկտեմբերին Ալիեւը հայտարարում էր, որ «ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Հաջորդ ամիսներին նա հայտարարում էր, որ «մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ դուր գա դա Հայաստանին, թե ոչ»։ Ալիեւի հովանավորն իր կողմից՝ իսլամիստ Էրդողանը, գովել է (հայկական Լեռնային Ղարաբաղի հայերի) էթնիկ զտումը՝ դա անվանելով «գործողություն», որը «ավարտվեց կարճ ժամանակում՝ քաղաքացիական բնակչության իրավունքների առավելագույն հաշվառմամբ»։

Համենայն դեպս, ըստ երեւույթին, Հայաստանի արեւելյան սահման ներխուժելը Ալիեւը կմարսի, եթե ժամանակը գա։ Ինչո՞ւ։ Ինչպես վերջերս բացատրել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, «Ադրբեջանն Արեւմուտքի դաշնակիցն է Իրանի դեմ պայքարում, նա Եվրոպան մատակարարում է էներգիայով եւ միլիոններ է ծախսում արդիական իսրայելական զենքի վրա։ Բայց այդ անհրաժեշտությունը չպետք է խանգարի, որպեսզի աշխարհը դադարեցնի այն, ինչ տեղի է ունենում իր աչքերի առջեւ՝ հայերի ցեղասպանություն 2023թ.»։

Սա քիչ էր, Հայաստանն անիծվել է փոքրոգի ղեկավարություն ունենալ՝ հանձին Սորոսի կողմից աջակցվող Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական գործչի։

2018-ից վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը ունի այն, ինչը կարելի է անվանել «Անտի-Միդաս»։ Հինգ տարում նրան հաջողվեց վանել երկրի գլխավոր կողմնակցին՝ Ռուսաստանին, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին եւ շատ հավանական է՝ էլ ավելիին։ Դոկտոր Պյետրո Շարաքրյանը՝ Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի գիտաշխատողը, նշել է, որ «Փաշինյանի վարչապետությունը աղետ է դարձել հայ ժողովրդի համար»։

Ավելի տագնապալի է այն, որ կա ավելի լայն տարածաշրջանային պատերազմի հնարավորություն, եթե Ադրբեջանը մտնի Սյունիք։ Նախ՝ Իրանը անհամաձայնություն է հայտնել այդ քայլին, եւ եթե Ռուսաստանն ավարտի պատերազմն Ուկրաինայում, հավանականություն կա, որ նա նույնպես կմիջամտի։ Ուստի, չարժե բացառել բախումը տարածաշրջանի հիմնական խաղացողների մասնակցությամբ՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի։

Ցավոք, պատմության եւ քաղաքականության դաժան վայրիվերումները Հայաստանում դեռ չեն ավարտվել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր