Մի ինձ բան արեք, շատ կջղայինանամ, որովհետև…Ադրբեջանն ինչ ուզել՝ մեր տարածաշրջանում արել է, իսկ Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել

«Ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին, բայց սա ոչ մի ձև չի ազդելու Հայաստանի որոշման վրա` ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- պատասխանելով Aysor.am-ի հարցին` ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց` փաստ է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը:
Ի պատասխան մյուս հարցին` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշումը ինչո՞վ է Սիմոնյանը հիմնավորել` նա ասաց, որ այդ նիստին մասնակցելու իմաստ չի տեսնում:
«Կան չլուծված հարցեր, մարդիկ չեն կատարում իրենց պարտավորությունները»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի խոսքով` Ադրբեջանն ինչ ուզել` մեր տարածաշրջանում արել է, ու Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել:
«Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանը, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ մի քանի տարի էր` պատերազմ էր: Ադրբեջանը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից», - ասաց Սիմոնյանը:
Ռուսաստանը, ըստ Սիմոնյանի, շատ ցավոտ է արձագանքում Հայաստանի պարագայում, իսկ Ադրբեջանի պարագայում ձև է անում, թե չի նկատել:
«Մի ինձ բան արեք, շատ կջղայինանամ, որովհետև…», - Ռուսաստանի վերաբերյալ հարցերին արձագանքելով` այսպես խոսքն ամփոփեց ՀՀ ԱԺ նախագահը: