Քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդի վրա են աշխատում գիտնականները

Ախտորոշման նոր մեթոդը հիմնված է գլիկանների ուսումնասիրման վրա։ Գլիկանները շաքարի մոլեկուլների կառուցվածքի այն տեսակներն են, որոնք կապված են մարդկային օրգանիզմի բջիջների սպիտակուցների հետ։ Գլիկանների կառուցվածքի փոփոխությունները կարող են վկայել հիվանդությունների առկայության եւ բորբոքային պրոցեսի ընթացքի մասին։ Գիտնականները փորձել են համադրել կառուցվածքային փոփոխությունների տեսակը կոնկրետ հիվանդությունների հետ։
Դրա համար նրանք ուսումնասիրել են մոտ 220 պացիենտների տվյալները, որոնք տառապում էին օնկոլոգիական հիվանդությունների 11 տեսակներով։ Արհեստական բանականության օգնությամբ գիտնականները պարզել են տարբերությունները գլիկանների ենթակառուցվածքում՝ կախված քաղցկեղի տեսակից։ Նման գործիքները, որոնք հիմնված են գլիկանների ուսումնասիրման վրա՝ որպես քաղցկեղի բիոմարկերներ, մինչ այդ արդեն մշակված եղել են գիտնականների կողմից, բայց դրանք բարձր ճշգրտություն եւ հուսալիություն չեն ունեցել։ Նոր տեխնոլոգիան՝ արհեստական բանականության օգտագործմամբ, թույլ կտա բարձրացնել այդ ցուցանիշները։
Նշվել է, որ հետազոտության ընթացքում օգտագործվել են օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների հյուսվածքների նմուշները։ Սակայն գիտնականները հուսով են, որ ապագայում հնարավոր կլինի հետեւել գլիկանների ենթակառուցվածքի փոփոխություններին արյան կամ թքի անալիզներով։ Հետազոտողները կարծում են, որ այդ արդյունքներին հասնելու համար կպահանջվի մոտ հինգ տարի։