Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

21 մար 2024 12:11

Դժվար թե չեք հասկացել, ինչպիսի հերթական «կոմբինացիա» են խաղարկում Երևանի դեմ Մոսկվան և Բաքուն

Դժվար թե չեք հասկացել, ինչպիսի հերթական «կոմբինացիա» են խաղարկում Երևանի դեմ Մոսկվան և ԲաքունԵրևանի մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրում է.

«Եթե դիտել եք Մարիա Զախարովայի վերջին բրիֆինգը, որը երկու ժամ ջանասիրաբար ուղիղ եթերով հեռարձակել են նաև որոշ հայկական լրատվամիջոցներ, դժվար թե չեք հասկացել, ինչպիսի հերթական «կոմբինացիա» են խաղարկում Երևանի դեմ Մոսկվան և Բաքուն։ Ադրբեջանը սպառնալիքների միջոցով ստիպում է Նիկոլ Փաշինյանին հայտարարել Տավուշի չորս գյուղերի հանձնման մասին։

Իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով «Բաքու» հեռուստաալիքի ակնհայտորեն պայմանավորված հարցին, զգուշացնում է, որ ՌԴ-ն այդ «գործարքի» հետ ոչ մի կապ չունի և որ նման քայլի Փաշինյանին հուշել է գնալ Արևմուտքը... Այն, որ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի աչքի առաջ մի քանի ուղղություններով Ադրբեջանի ներխուժմանը ՀՀ տարածք հետևել է մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Բաքվում հորինված «պայմանական հայ-ադրբեջանական սահման» հասկացության շրջանառումը (հենց Զախարովան է առավել ակտիվ դրանով զբաղվում), ինչը փաստորեն լեգիտիմացնում է ցանկացած ադրբեջանական ագրեսիան՝ ոչինչ։

Այն, որ Տավուշի գյուղերի հանձնումը Բաքուն և Մոսկվան նախատեսում էին ներառել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում՝ էլի ոչինչ։ Էականը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, ժամանակային համընկնումն է նույն գյուղերի մի մասի հանձնման և ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձեցման միջև... Հույսը նրա վրա է, որ մեր հասարակությունը շատ բան չի նկատում, չի հիշում, ինչից օգտվելով կարելի է փորձել ցանկացած կորուստի համար մեղքը գցել Մակրոնի, Շոլցի, Միշելի, Բլինքենի և Ստոլտենբերգի վրա, վարկաբեկելով Հայստանի եվրոպականացման հեռանկարը։

Համապատասխան ուղերձը տեղ հասցնելուն նպաստում են, ինչպես երևում է, ադրբեջանական և որոշ հայկական լրատվամիջոցները։ Սխալ կհասկացվեն, եթե գրածս ընկալվի որպես տեղեկությունները քողարկելու կոչ։ Բայց եթերի հսկայական չափաբաժնի հատկացումը, Զախարովայի ոչ մի բառ բաց չթողնելու և առանց ուշացնելու վախեցած ու շշկռված լսարանին հասցնելու ձգտումը չեն կարող հարցեր չառաջացնել։                                                                        
Երևանը հայտնվում է ցուգցվանգում. չես ենթարկվում Բաքվի պահանջներին մեծացնում ես նոր էսկալացիայի վտանգը, ենթարկվում ես՝ կասկածի տակ ես դնում Արևմուտքի հետ համագործակցության, այդ թվում անվտանգության ոլորտում, արդյունավետությունը։

Եվ հակառակը՝ Մոսկվան հայտնվում է "win-win" վիճակում՝ էսկալացիան մեծացնում հերթական անգամ «խաղարարի» կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունը, իսկ Հայաստանի միակողմանի զիճումը թուլացնում է երկրի դիմադրողականությունը նմանատիպ նոր «կոմբինացիաների» առջև։ Ցավոք, սա արդյունք է ոչ միայն մեր դեմ դավադրությունների, այլ նաև սեփական ոչ հետևողական, արկածախնդիր քաղաքականության։ Արդյոք կարողացել ենք դրանից դասեր քաղել, ցույց կտան հետագա զարգացումները... Կներեք, գրառման ավելի օրիգինալ ավարտ չգտա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր