Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Անկարայի հետ Բաքվին միավորում է ոչ միայն դաշնակցային հռչակագիրը, այլև բազմաթիվ այլ հարցեր։ Ըստ նրա՝ Թուրքիա-Ադրբեջան միությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր չափանիշ է։ «Զուգահեռ պետք է ընթանան Թուրքիայի և Հայաստանի մերձեցումն ու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Սա մեր դիրքորոշումն է, և սա նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- ասել է Ալիևը։ Կրկին դժգոհելով ապրիլի 5 Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակոդմ հանդիպումից՝ Ադրբեջանի նախագահն ասել է․ «Որոշակի փորձեր են արվում Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծել։ Հենց այս պատճառով էլ մենք մեր մտահոգությունն արտահայտեցինք Եվրահանձնաժողովի նախագահի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի բրյուսելյան աննախադեպ հանդիպման վերաբերյալ։ Նույնիսկ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան նման հանդիպում չեն ունեցել»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ Ալիևի՝ Մոսկվան ավանդական շահեր ունի Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ավանդական փոխշահավետ հարաբերություններ ունի։
«Մեզ հաջողվել է հաստատել փոխադարձ համագործակցություն, որը զարգանում է բոլոր ուղղություններով և կամրապնդվի»,- ասել է Ալիևը։