Ժամանակն է խոսքից գործի անցնելու
Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության
անդամ Վոլոդյա Բադալյանի հետ:
-Պարոն Բադալյան, ինչպե՞ս կգնահատեք կառավարության ծրագիրը, այն իրատեսական համարո՞ւմ
եք:
-Բոլոր կառավարություններն էլ կարող
են ներկայացնել շատ գեղեցիկ ծրագրեր: Ինչպիսի ծրագրեր էլ, որ ներկայացվեն, միևնույնն
է կարևորը ոչ թե այն ինչ գրված է թղթի վրա, այլ՝ դրա իրականացումն է: Կարևորը, ծրագրի
դրույթները կյանքի կոչելն է:
Ինքս լավատես եմ, որ ներկայիս կառավարությունը
տրամադրված է խոսքից գործի անցնել: Հաշվի առնելով
վարչապետի ունեցած միջազգային ոլորտում մեծ փորձը և Երևանի քաղաքապետ եղած ժամանակ նրա կատարած աշխատանքները
հույս է ներշնչում, որ այս կառավարությունը կարող է հասնել հաջողության: Իհարկե, դժվարություններ շատ կան, բայց բավարար կամք ցուցաբերելու
դեպքում հնարավոր է երկիրը հանել ճգնաժամից: Ճիշտ է, սա կարճաժամկետ ծրագիր է, սակայն
ունի դրական կողմեր: Այն, որ ուշադրություն է դարձվում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը,
արդեն ցուցանիշ է: Ես այն կարծիքին եմ, որ երկիրը զարգացնելու, ուժեղացնելու համար,
շատ կարևոր է, որպեսզի փոքր ու միջին բիզնեսն
առաջընթաց գրանցի: Այն ընդգրկում է հասարակության լայն շերտերը: Հենց այստեղ է, որ
նաև լուծվում է աշխատատեղերի հարցը: Ինչ վերաբերվում է խոշոր բիզնեսին, ինքս լինելով
տնտեսության ոլորտի մասնագետ, բացասական եմ դիտարկում խոշորագույն գիպերմարկետների
ձևավորմանը, որոնք կարող են խոչընդոտել փոքր և միջին բիզնեսին: Դեռ ԽՍՀՄ տարիներին
Հայաստանում կառուցված էին գիգանտ գործարաններ: Դրանք այն գործարաններն էին, որոնք
մի մեծ շուկայի մեջ էին մտնում և, հատկապես, փոքր երկրի համար ծանրաբեռնվածություն չէր առաջանում:
Այո, տնտեսության մեջ խոշոր բիզնեսն էլ իր կարևոր դերը ունի, սակայն այն չպետք է լինի
փոքր և միջին բիզնեսը վնասելու հաշվին:
-Կարճաժամկետ այս ծրագրով կառավարությունը կարող է
արդյո՞ք հաջողությունների հասնել:
-Եթե հաշվի առնենք մեր տնտեսության
ներկայիս վիճակը, ուստի անհնար է այս՝ 6 ամիսների ընթացքում լուրջ հաջողություն
գրանցել: Սակայն ես այդ հարցը չեմ դիտարկում ժամանակային առումով: Ներկայիս կառավարությունը
պետք է ամեն ինչ անի, կարևոր քայլեր ձեռնարկի ի օգուտ փոքր և միջին բիզնեսի զարգացման
համար, հարկային բեռի թեթևացում իրականացնի,
մաքսային ոլորտում թափանցիկություն սահմանի, ներդրումների համար նպաստավոր պայմաններ
ստեղծի: Վստահ եմ, որ այդ ներուժը այս կառավարությունը ունի: Ծրագիրը լավն է, եթե այն
իրականացվի կունենանք նաև երկրի համար դրական արդյունք:
Նախկինում էլ կառավարության լավ ծրագրեր եղել են,
գեղեցիկ խոսքեր ասվել են, բայց շոշափելի արդյունք չենք ունեցել: Հիմա ժամանակն
է խոսքից գործի անցնելու:
-Եթե համեմատելու լինենք նախորդ կառավարությունների
հետ, այս կառավարությունը կարող է խաղի նոր կանոններ սահմանել:
-Նոր վարչապետի քայլերը, նոր կառավարության
կազմը բավական ներշնչող է: Տեսնում եմ պոտենցիալ, որ կարող են իրականացնել: Շատ կարևոր
էր նաև ԱԺ կողմից «Հարկային նոր օրենսգրքի» ընդունումը:
Երկրի զարգացման համար շատ կարևոր
է տնտեսության առաջընթաց գրանցելը, ինչը մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի: Առաջնային
հարց է աշխատատեղերի ստեղծումը, ինչը կարծում եմ կկանխի արտագաղթը: Մենք ամեն ինչ պետք
է անենք այս խնդրին լուծում տալու համար:
-Նկատի
ունենալով 2017 թվականի գալիք խորհրդարանական ընտրությունները, խոսվում է նաև,
որ այս ամենը ձևական բնույթ է կրում:
-Իհարկե, այս փոփոխություններին պետք էր գնալ ավելի շուտ, որպեսզի չկապվեր նախընտրական շրջանի հետ: Սակայն թե՛ վարչապետը, թե՛ կառավարությունը շատ լավ գիտակցում են, որ երկրում կան լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման անհրաժեշտություն ունեն: