10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

13 հուլ 2024 14:27

Տեսանյութ.«Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թող իր սեփական ոտքերին».Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

Տեսանյութ.«Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թող իր սեփական ոտքերին».Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են «Իմ քայլը» հիմնադրամ, ծանոթացել ավարտված, իրականացվող և իրականացման փուլում գտնվող ծրագրերին: 


Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հիմնադրամի կայքում տեղ գտած հաղորդագրությունից, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար, կիսվել հիմնադրամի տեսլականով, առաքելությամբ և աշխատանքի արդյունքներով: 


««Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թող իր սեփական ոտքերին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավատարիմ է այս փիլիսոփայությանը և այս եզակի մարդասիրական առաքելությանը»,- շեշտել է Աննա Հակոբյանը: 


Հիմնադրամի առաքելությունն ամփոփ ներկայացնելով՝ գործադիր տնօրենն ընդգծել է, որ հիմնադրումից՝ 2018 թվականից ի վեր, «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել, մշակել և իրականացրել է երկարաժամկետ զարգացման ծրագրեր ամբողջ երկրի տարածքում՝ կրթության, մասնագիտական կողմնորոշման, գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական ու սոցիալական զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերապատրաստման ոլորտներում, որոնք հիմնադրամի ռազմավարական նպատակներին հասնելու հիմնական հիմնասյուներն են: 


«Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման վրա, որպեսզի յուրաքանչյուր անհատ դառնա ինքնաբավ և ունենա արժանապատիվ կյանք, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա»,- նշել է նա: 
Աննա Հակոբյանը նկատել է, որ հիմնադրամի գործադրած ջանքերը բազմապատկելու գործում դիվանագետները կարող են կարևոր դեր ստանձնել:


«Որպես դեսպաններ, դուք եզակի և ազդեցիկ դիրք եք զբաղեցնում միջազգային գործակցության, մշակութային փոխըմբռնման խթանման գործում, և ձեր աջակցությունը կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով իրազեկվածությունը, նպաստելով ձեր երկրներում համախոհ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ գործընկերությանը՝ ձեր հարթակների, կապերի և դիվանագիտական օղակների օգտագործման միջոցով: Ձեր աջակցությունը ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ լինի դա ֆինանսավորման, իրական ներդրումների կամ մասնագետների, փորձի փոխանակման միջոցով, կարող է էապես բարձրացնել մեր կարողությունները՝ մեր առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին»,- շեշտել է նա:
Դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը խթանում է ներառականությունը, մատչելիությունը և խոցելի համայնքների ու խմբերի իրավունքները՝ ապահովելով կայուն և համակարգային փոփոխություններ: 


««Իմ քայլը» հիմնադրամը հավատարիմ է իր նպատակներին և բարգավաճում է գործընկերների, ընկերների, անհատ դոնորների, համախոհ կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցության և վստահության շնորհիվ»,- ելույթում նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը: 
Նա շեշտել է, որ բարեգործության միջոցով կարող ենք համատեղել ռեսուրսները, փորձը և էներգիան՝ մարտահրավերներին դիմակայելու համար. 


«Մարդկանց ծառայելու այս գործում մենք ոչ միայն գտնում ենք ուրիշների կյանքի որակը բարելավելու ճանապարհ, այլ նաև հարստացնում ենք մեր սեփական կյանքը և կառուցում ենք ավելի կարեկից հասարակություն»,- ասել է Աննա Հակոբյանը: 


Ողջույնի ելույթից հետո «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հյուրերին ներկայացրել է իրականացվող՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական, «Հորիզոններ» դուալ կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրերը և «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 42 սկսնակ կին գործարարներ արդեն ստացել են 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն:


Թալին Թօփալաքեանը պատմել է նաև այս պահին մշակման ու իրականացման փուլում գտնվող երկու ծրագրի մասին: Առաջինը «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրն է, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող երիտասարդներ: Արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա և կունենա հոգեբանական մեծ ազդեցություն: Երկրորդ ծրագիրը ևս սոցիալական է: Նախատեսվում է վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող «Փրկություն» կենտրոնի շենքը, ուր հաճախում են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող մեծահասակներ: 


Շնորհանդեսից հետո դիվանագետներն անմիջական զրույցներ են ունեցել Աննա Հակոբյանի, հիմնադրամի փոխտնօրենների, ծրագրերի ղեկավարների հետ, ավելի մանրամասն ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Շփումների արդյունքում գործակցության նոր եզրեր են նախանշվել որոշ երկրների դեսպանների հետ, որոնք խոստացել են նախաձեռնությունների մասին պատմել իրենց երկրներում և աջակցել դրանց իրականացմանը: 


Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների 15 երկրների դեսպաններ ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր