Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 հոկ 2019 10:36

Աննա Հակոբյանին կվճարեն 10 մլն և ավելի դրամ ու կդառնան «միջոցառման հովանվոր». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրավոր հարցում էինք ուղարկել (քանի որ բանավոր հարցերի որպես կանոն չեն պատասխանում) «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանին․

«Հարգելի տիկին Հակոբյան, տեղեկություններ ունենք, որ Դուք նոյեմբերի 8-ին «Դվին» հյուրանոցում կազմակերպել եք հերթական բարեգործական հավաքը։ Խնդրում եմ, տեղեկացնել, թե ո՞ւմ եք հրավիրել։ Ճի՞շտ է, որ հրավիրատոմսեր եք ուղարկել Հայաստանի մեծահարուստներին։ Մեկ ամիս էլ չի անցել Շվեյցարիա Ձեր վերջին այցից հետո։ Խնդրում եմ, տեղեկացնել, թե ինչո՞ւ այսքան կարճ ժամանակ անց նոր դրամահավաքի անհրաժեշտություն առաջացավ, արդյո՞ք Շվեյցարիայում հավաքված գումարները վերջացել են։

Վերջապես՝ գիտեմ, որ ամսի 8-ի միջոցառման հրավիրատոմսերին կից ուղարկել եք նամակներ, որոնցում նշված են ակնկալվող գումարների չափերն ու դրանք ծախսելու ինչ-որ կատեգորիաներ, կամ ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն իր գումարային չափն է ենթադրում։ Եթե կարելի է, խնդրում եմ, ուղարկել նամակներից մեկը և պատասխանել, թե ի՞նչ եք գրել նամակներում։

Հարգանքով՝ լրագրող Սյուզան Սիմոնյան»։
Մենք, իհարկե, սովոր ենք, որ մեր հարցերի պատասխաններն օրեր շարունակ ձգում են, բայց ամեն անգամ ակնկալում ենք, որ պատասխաններն արագ ենք ստանալու եւ օպերատիվ կերպով ներկայացնելու ենք մեր ընթերցողներին։ Այս նամակի պատասխանը մենք երեկ չստացանք, սակայն որոշեցինք հոդվածը հրապարակել, քանի որ Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքին հրավեր ստացած անձանցից մեկը սիրով մեզ տրամադրեց իր ստացած նամակը, որը վստահ էինք հիմնադրամից մեզ չէին տրամադրելու եւ չէինք սխալվում։
Իսկ նամակն արտառոց էր, ուստի այն երեկ ամբողջությամբ ներկայացրինք մեր ընթերցողներին։
Ահա այն․
«Հարգելի պարոն,
Հայաստանի Հանրապետության Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» Բարեգործական Հիմնադրամը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու Հիմնադրամի բարեգործական ընթրիքին, որը կկայանա ս․թ․ նոյեմբերի 8-ին, ժ․ 18։30 «Դվին» համալիրում (Պարոնյան փող. 40): Հրավիրատոմսը կցված է։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչեւ ս․թ․ նոյեմբերի 1-ը, պատասխանելով այս նամակին, կամ զանգահարելով․․․ համարով՝ նշելով Հիմնադրամին նվիրատվության Ձեր տարբերակը․
«Գործընկեր»՝ 200 հզ ՀՀ դրամ եւ ավելի, «Բարեկամ»՝ 500 հզ ՀՀ դրամ եւ ավելի, «Բարերար»՝ 1 մլն ՀՀ դրամ եւ ավելի, «Հովանավոր»՝ 5 մլն ՀՀ դրամ եւ ավելի, «Միջոցառման հովանավոր»՝ 10 մլն ՀՀ դրամ եւ ավելի։
Ինչպես գիտեք, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հիմնական առաքելությունը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին աջակցելն է։
«Բարերար»-ների, «Հովանավոր»-ների և «Միջոցառման հովանավոր»-ների անունները կներկայացվեն միջոցառման ծրագրի վրա։
Հարգանքով՝
«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք»
Բարեգործական Հիմնադրամ»
Այսօր Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հանդիմանանքով լի պատասխան է ուղարկել մեզ եւ տեղադրել ֆեյսբուքում՝ իբր ինչու չեք սպասել մեր պատասխանին։ Ապա տեղադրել է մեր հարցերին քիչ առնչվող պատասխանը՝ առանց բավարարելու մեր հիմնական խնդրանքը՝ նամակի օրինակը տրամադրելու։ Եթե այդքան օրինական էր ձեր նամակի տեքստը եւ ոչ մի արտառոց բան չէր պարունակում, ինչո՞ւ եք այն թաքցնում հանրությունից։ Տրամադրեիք՝ մենք էլ հրապարակեինք, առանց այն կողմնակի աղբյուրներից ձեռք բերելու։
Իսկ պատասխանը տեղադրում ենք ամբողջությամբ, որ ընթերցողը հասկանա, թե ինչպես կարելի է կոնկրետ հարցերին ոչ կոնկրետ ու ցրողական պատասխաններ տալ, ընդհանուր ֆրազներ ասել եւ իրականությունը հմտորեն թաքցնել հասարակությունից։
«Ի պատասխան Ձեր 29․10․2019 թվականին ուղղված հարցման տեղեկացնում եմ, որ գոյություն ունի միջազգայնորեն ընդունված պրակտիկա՝ համաձայն որի բարեգործական հիմնադրամները պարբերաբար կազմակերպում են բարեգործական գալա ընթրիքներ, որոնց շրջանակում ընթրիքին ներկա գտնված հյուրերին նախ ներկայացնում են հիմնադրամի առաքելությունը, գործունեությունն ու կատարված աշխատանքները։ Բարեգործական գալա ընթրիքների նպատակն է առավել շատ թվով մարդկանց պատմել սոցիալական, առողջապահական կամ կրթական այն հիմնախնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ աշխատում են հիմնադրամները, բարեգործական կազմակերպությունները, ինչպես նաև առավել շատ մարդկանց ներգրավվել բարեգործական, սոցիալական տարբեր ծրագրերում։ Սովորաբար բարեգործական գալա ընթրիքների հյուրերի ցանկում են լինում հասարակության շրջանում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, շոուբիզնեսի և սպորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ։
«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նոյեմբերի 8-ին կայանալիք տարեկան բարեգործական գալա ընթրիքի նպատակն է դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն ու իրականացնել բարեգործական դրամահավաք։
Ինչ վերաբերում է Շվեյցարական Կարմիր խաչի ավանդական բարեգործական գալա երեկոյի վերաբերյալ Ձեր մյուս հարցադրմանը, ինչպես նշվել էր նաև հոկտեմբերի 14-ին տարածված հաղորդագրության մեջ, լինքը՝ այստեղ ,բարեգործական միջոցառումն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվել է «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Բարեգործական միջոցառման հասույթը փոխանցվել է Հայաստանին տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար։ Հավաքված գումարով ծրագրերն իրականցնելու է Հայկական Կարմիր Խաչ բարեգործական կազմակերպությունը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր