ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել
Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝
·ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննիչները)՝ պաշտոնավարման վեցերորդ տարում,
·ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք,
·Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցները՝ քննության բանավոր փուլից առաջ:
Ըստ այդմ՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգում բարեվարքության ընթացիկ ստուգում է անցել արդեն 22 անձ։
Ներկայում ընթանում է ինքնավար պաշտոն զբաղեցնող 74 անձանց, ինչպես նաև առաջխաղացման հավակնող ևս 23 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումը։
Նոյեմբերին, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով արդեն իսկ հայտարարված մրցութային հերթական փուլի շրջանակներում, գրավոր փուլի արդյունքներն ամփոփելուց հետո կստուգվի նաև գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցների բարեվարքությունը։
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում պարտադիր հարուցվում է ծառայողական քննություն։