Ինքս էլ ապշած էի այդ թվերից, այդ ծախսն ամբողջապես կփոխհատուցեմ ինքնուրույն

«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ: Ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր արվեց ինձ:
Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։