Այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի

Եթե նախորդ կիրակի՝ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻՆ, վայելում էինք դրախտային կյանքը և խոսում մարդ-Աստված սերտ և անմիջական հարաբերության մասին, ապա այս կիրակի պտղի ճաշակման, Ադամի և Եվայի պատվիրանազանցության և անհնազանդության պատճառով անդրադառնում ենք «մեղք» հասկացությանը։
Արտաքսման կիրակին խորհրդանշում է մեր նախածնողների պատվիրանազանցությունը: Նրանք չպահպանեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:
«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդ. 2.16-17):
Պտղի ճաշակումը մարդկային առաջին մեղքն է եղել: Ոչ թե պտուղն էր չար, այլ մարդու կողմից Աստծուն չհնազանդվելը:
Ադամն ու Եվան դրախտից արտաքսվեցին ոչ այնքան մեղքի պատճառով, որքան մեղքը չխոստովանելու և միմյանց մեղադրելու պատճառով։ Ադամը մեղադրեց Եվային. «Այն կինը, որ ինձ հետ լինելու տվեցիր, նա ինձ տվեց պտուղը, ու ես կերա»։
Իսկ Եվան ասաց. «Օձը ինձ խաբեց, և ես կերա»։
Դրախտից արտաքսումը ոչ միայն Ադամի և Եվայի՝ նյութական աշխարհում հայտնվելն էր, այլև Աստծո կենդանարար ներկայությունից զրկվելը:
Արտաքսումը ցույց է տալիս, որ մեղքի մեջ ապրող մարդը չի կարող ապրել Աստծո ներկայության մեջ:
Մարդու դատապարտությունը ոչ թե մեղք գործելն է, այլ՝ մեղքերը չխոստովանելը: Չարը չի կարող վնասել մարդուն, եթե մարդը չվնասի ինքնիրեն: